22:33  ,  9 ապրիլի, 2012

Հայ մարզիկներին խանգարում է միայն բանակը

Թիավարության Հայաստանի հավաքականի երկու մարզիկներ այժմ պատրաստվում են մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային մրցաշար է: Հայ թիավարողները Եվրոպայի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար: Սակայն ներկայումս հայ մարզիկները նախապատրաստական մարզումներ անցկացնելու հնարավորություն չունեն, քանի որ Երեւանյան լիճը դեռեւս պատրաստ չէ վարժանքների համար, որովհետեւ լիճը դատարկ է:   

NEWS.am Sport-ի թղթակիցը մարզաձեւի խնդիրների, զարգացման հեռանկարների մասին զրուցեց Հայաստանի  կանոեի եւ թիավարության ֆեդերացիայի նախագահ Հրաչիկ Խուդոյանի հետ:

Թիավարությունը մեծ զարգացում է ապրում աշխարհում: Հայաստանը, լինելով առանց ծովի երկիր իր աշխարհագրական դիրքով, ի՞նչ նախադրյալներ ունի թիավարություն զարգացնելու համար:

Չնայած առանց ծովի երկիր լինելուն, Հայաստանում բոլոր պայմաններն ու նախադրյալները կան այս մարզաձեւով զբաղվելու եւ լուրջ հաջողություններ գրանցելու համար: Երկրի աշխարհագրական դիրքը խոչընդոտ չի հանդիսանում այս մարզաձեւի համար, միակ խոչընդոտը ֆինանսականն է, քանի որ թիավարությունն թանկ մարզաձեւ է: Թիավարություն մարզաձեւը Հայաստան մուտք է գործել 1955 թվականին: Այն ժամանակ մեր մարզադպրոցները  գործել են Սեւանում, Հրազդանում, Էջմիածնում եւ Թոխմախ գյուղում: Այդ ժամանակ Երեւանյան լիճը դեռեւս պատրաստ չէր: Լիճը կառուցվեց եւ շահագործման հանձնվեց 1967 թվականին: Այդ ժամանակից արդեն հիմնական սպորտային կառույցները տեղաբաշխվել են Երեւանյան լճում: 1971 թվականին անցկացվեց ԽՍՀՄ  պատանեկան առաջնություն, որի կապակցությամբ մեծ թվաքանակով մետաղական կոնստրուկցիաներից էլինգներ կառուցվեցին: Այդ շրջանում ստեղծվեցին լավ պայմաններ մարզաձեւը զարգացնելու համար, գույքը համալրվեց նոր նավակներով: Սակայն միայն բայդարկաների եւ կանոէի համար: Այդ ժամանակ ակադեմիական թիավարությունը չէր գործում Հայաստանում:  1973 թվականին Հայաստանում հիմնադրվեց ակադեմիական թիավարությունը, որի հիմնական մարզաբազան տեղակայվեց Երեւանյան լճում: Ներկայումս միայն Երեւանյան լճում ենք մարզվում այս մրցաձեւի թիավարությունը` հատուկ ակադեմիականի համար նախատեսված մակույկներով: Մնացած տարածքներում դեռեւս նմանատիպ հնարավորություններ չկան, որպեսզի ակադեմիական մակույկները իջեցնենք ջուր: Բացի այդ, չունենք այդքան գույք, որ բավարարի եւ Սեւանում, եւ Հրազդանում, եւ այլ մարզաբազաներում վարժանքներ անցկացնելու համար: Այդ մակույկներն այնքան թանկ են, որ ֆեդերացիան ֆինանսապես հնարավություն չունի դրանք ձեռք բերի: Մեկ տեղանոց մակույկը արժե 6000 եվրո:

Այժմ թիավարությամբ զբաղվում են Հայաստանի հինգ մարզաբազաներում` Սեւանում, Հրազդանում, Մեծամոր գյուղում, Երեւանյան լճում եւ Լիոնի` նախկին Թոխմախի այգում, Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում:

Գոյություն ունի՞ Հայաստանի հավաքական:

Հավաքական ունենք, բայց այն ամբողջական չէ: Չունենք կազմ, որ կարողանանք նրանց ուղարկել առաջնությունների: Օրինակ` այս տարվա հունիսի 22-24-ը Զագրեբում տեղի է ունենալու Եվորպայի առաջնությունը, որին ուղարկում ենք ընդամենը երկու մարզիկ` բայդարկա եւ կանոէ մրցաձեւերում: Եւ ֆինանսական միջոցները մեր չեն ներում եւ սպորտսմենների հնարավորությունները: Չունենք առաջնակարգ մարզիկներ, որ պատրաստ լինեն այժմ մեկնել մրցումների: Մրցումների պատրաստ մարզիկները 15-ն են ընդհանուր թիվարարությունում: Մինչեւ Զագրեբի մրցումները, որոնք եւս վարկանիշային են, ակադեմիական թիավարության երկու թիավարորդ մայիսի 15-ին Շվեյցարիայում կմասնակցեն Եվրոպայի վարկանիշային առաջնություններին: Մեր տղաները, հուսանք,  կնվաճեն օլիմպիական ուղեգիր:

Թե նախկինում եւ թե մեր օրերում թիավարողների մարզումները տեղի էին ունենում Երեւանյան լճում: Այժմ լիճը դատարկ է, եւ ստացվում է, որ ջուր չեղած պայմաններում գնում եք  վարկանիշային մրցումների՞:

Այսօր եմ զրուցել, խոստացել են, որ երեք օրվա ընթացքում կլցնեն լիճը: Սա, ճիշտ է, մեր ամենահարմար վայրն է մարզումներ անցկացնելու համար, բայց դե կառավարության որոշումն է լիճը դատարկելը: Հիմա մարզումներն անցկացնում ենք Լիոնի այգում: Միայն ակադեմիական թիավարության հարցում ենք թերանում, քանի որ ոչ մի մարզաբազայում հնարավորություն չկա անցկացնել մարզումներ:

Բայց առջեւում  ակադեմիական թիավարության Եվրոպայի վարկանիշային մրցաշարերն են,  եւ օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու հնարավորություն: Ինչո՞ւ չեք դիմում կառավարությանը ոչ թե մի քանի օր անց, այլ` մի քանի օր շուտ լցնեն լիճը: Սա չի՞ վնասի մարզիկների պատրաստությանը:

Մեր մարզիկները ուժեղ են եւ տեխնիկապես պատրաստ: Այնպես որ` հույսեր ունենք: Հեղեղակների հետ կապված, կառավարության կողմից ծրագիր կա, ըստ որի ձնհալի տեղումների պատճառով մտավախություն կա` ջուրը շատ բարձրանա եւ լճի դամբանը վնասի: Այս մտավախությունից ելնելով  սեզոնին կառավարությունն ընդամենը մեկ ամիս իջեցնում է ջուրը: Բայց մենք ձեռքներս ծալած չենք նստում: Մենք պայմաններ ունենք, ուղղակի դրանք կիսատ են: Բայդարկաներով եւ կանոէներով վարժվում ենք Թոխմախի գյուղում, միայն տուժում է ակադեմիական թիավարությունը:

Այդ դեպքում, ինչպե՞ս կվարվեք, եթե Ձեզ մեղադրեն Օլիմպիական խաղերում թիավարող չներկայացնելու մեջ…

Մենք ոչ թե պաշտպանվում ենք, որ մեզանից պահանջելու են, քննադատելու են… Բնավ` ոչ: Մենք ինքներս ենք ձգտում հասնել լավ արդյունքների, որովհետեւ լավ արդյունքի հասնելով մեր տղաները կթոշակավորվեն, կծառայեն սպորտային վաշտում:

Այսինքն` ֆեդերցիայի համար առաջնայինը պետությունը ներկայացնելու խնդիրը չէ՞,  որ համակերպվում եք կառավարության որոշման հետ եւ քայլեր չեք ձեռնարկում լիճը լցնելու համար:

Ողջ խոսքը դրա մասին է, որ այս ամենի շնորհիվ մենք պետություն ենք ներկայացնում: Դե յուրաքանչյուրս աշխատում է առաջին հերթին մեր համար, մեր ցուցանիշներն էլ` պետության պատիվն է: Եթե ես իմ համար չաշխատեմ, բնականաբար պետության համար էլ չեմ աշխատի:

Դուք ՀԱՕԿ-ի անդամ եք: Ինչո՞վ է աջակցում ՀԱՕԿ-ը օլիմպիական այս մարզաձեւին:

Անցյալ տարի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ֆեդերացիային տրամադրվեց 5 միլիոն դրամ, որի շնորհիվ մենք կարողացանք կազմակերպել մի շարք ուսումնամարզական հավաքներ եւ նախապատրաստվել այս տարվա Եվրոպայի առաջնությանը եւ աշխարհի գավաթի խաղարկությանը: Ինչպես արդեն նշեցի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն երկու մարզիկ, եւ եւս երկու մարզիկ աշխարհի գավաթի առաջնությանը: Այդ գումարի հաշվին երկու շաբաթ առաջ Երեւանյան լճում անցկացրեցինք ընդհանուր ֆիզիկական պատրաստականության գծով մրցումներ, որին մասնակցեց ավելի քան 80 մարզիկ:

Ի՞նչ ֆիզիկական տվյալներ ու մարզավիճակ ունեն այժմ հայ թիավարողները:

Եթե համեմատենք մեր տղաներին Ռուսաստանի թիավարողների հետ, ապա գրեթե հավասար են: Հայ մարզիկներին խանգարում է միայն բանակը: Երբ հասնում են բանակի տարիքին եւ գնում են ծառայության, նրանց այլեւս հնարավոր չի լինում վերադարձնել սպորտ: Մարդիկ մտածում են ապրուստի մասին: Եթե պետությունն ամեն մի թիավարողի տար 1000 դոլար եւ ասեր դու միայն զբաղվիր քո սպորտով` թիավարությունը կզարգանար: Անցյալ տարի Սլովենիայում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանը ակադեմիական թիավարությունում չորս թիավարողներով զբաղեցրեց  7-րդ տեղը, ինչի շնորհիվ տղաները ստացել են միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ եւ  արժանացել ՀՀ նախագահի թոշակին` 60.000 դրամ ամսական: Բայց դա քիչ է 23-25 տարեկան տղայի համար իր կարիքները կամ ընտանիքի հոգսերը հոգալու համար: Սա շատ բարդ եւ թանկ մարզաձեւ է: Ըմբիշն ունի միայն տրիկոյի եւ մարզակոշիկի խնդիր: Նրա համար գույք ձեռք բերելը խաղալիք է: Բայց մենք յուրաքանչյուր մարզիկի համար 6000 եվրո փող ենք տրամադրում , որ ձեռք բերենք մակույկ եւ նա նորմալ պայմաններում մարզվի:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով