10:16  ,  23 մայիսի, 2013

Ալբերտ Ազարյանի երջանկության բանաձեւը

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել «Երջանկության բանաձեւ» շարքը՝ հայկական սպորտի աստղերի կյանքը սպորտից դուրս։ Այս անգամ հերոսը հայ անվանի մարզիկ, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանն է:

Ալբերտ Ազարյան մարմնամարզիկին ամբողջ աշխարհը գիտի, Հայաստանում նրան բոլորն են ճանաչում, մինչեւ անգամ 5-6 տարեկան երեխաները։ Նրա սպորտային հաջողությունների մասին եւս բոլորը գիտեն, բայց թե ինչպիսին է 84-ամյա Ալբերտ Ազարյանը մարզադահլիճից դուրս՝ ընտանիքում, կնոջ եւ երեխաների կողքին, ոչ բոլորը գիտեն։ 40-ամյա ընտանեկան կյանքի մասին Ալբերտ Ազարյանը պատմեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

Պարոն Ազարյան, Դուք եռակի օլիմպիական չեմպիոն եք, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, բազմաթիվ մրցաշարերի մեդալակիր եւ վերջապես սիրված մարզիկ Հայաստանում եւ նախկին Խորհրդային Միության երկրներում։ Հասարակության հետաքրքրությունը մեծ է ձեր անձի հանդեպ։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

Հանրության հետաքրքրությունը նորմալ է։ Երբ երկար տարիներ քեզ նվիրում ես սպորտին, քո երկրին պարգեւում բազմաթիվ մեդալներ, հաղթանակներ, օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճում, այն էլ երեք անգամ, պատահական չէ, որ հասարակությունը պետք է հետաքրքրվի քեզանով, քո կյանքով, ինչպես նաեւ քո անձնական կյանքով։ Երբեք չեմ թաքցրել իմ անձնական կյանքը, քանի որ ունեմ հրաշալի ընտանիք, կին, երեխաներ։

Ինչպե՞ս եք ծանոթացել ձեր տիկնոջ հետ։

Կինս՝ Լիզան, ծնունդով Վրաստանից է՝ Ախալցիխեից։ Նա եւս մարմնամարզուհի է։ Սկսել է մարզվել Վրաստանում, մարմնամարզության Վրաստանի հավաքականի անդամ է եղել։ Երբ Վրաստանի առաջնությունում առաջին տեղ է զբաղեցնում, նրա սպորտային կարիերան շարունակելու համար առաջարկում են հայկական ազգանունը փոխել վրացական ազգանունով՝ Երիկյանը դարձնելով Երիկաշվիլի։ Կնոջս հայրը զայրանում է սպորտի ղեկավարության այդ առաջարկից եւ Լիզային ուղարկում Երեւան՝ սովորելու, սպորտային կարիերան այստեղ կառուցելու։ Այդպես կինս հայտնվում է Երեւանում եւ հենց այն տեխնիկումում, որտեղ ես էի սովորում։ Այդ ժամանակ ես արդեն Կիրովականից տեղափոխվել էի Երեւան եւ ապրում էի այն նույն հանրակացարանում, որտեղ կացարան գտավ ապագա կինս։ Այդպես ծանոթացանք։ Ամեն օր տեխնիկումում եւ մարզադահլիճում հանդիպում էինք եւ այդ հանդիպումներն անցնում էին լուռ, առանց որեւէ զրույցի։ Չէինք խոսում իրար հետ, բայց ջերմ հայացներով եւ ժպիտներով փոխանակվում էինք։ Երբ արդեն ամուսնացած էինք, կինս խոստովանեց, որ իրեն վատ էր զգում, երբ ես այդպես նայում էի հանդիպելիս։ Ժամանակի ընթացքում մտերմացանք եւ սիրեցինք իրար։

Դա եղել է սեր առաջին հայացքի՞ց։

Երեւի, այո։ Իհարկե այն սերը չէր, որ հանգեցներ ամուսնության։ Ուղղակի սիրահարվածություն էր, որն էլ շփման արդյունքում դարձավ մեծ սեր։

Ինչպե՞ս եք ամուսնության առաջարկ արել ձեր տիկնոջը։

Մրցումներից մեկի ժամանակ, երբ գնացքով վերադառնում էինք Լենինգրադից, Լիզային առաջարկեցի նրա ծնողների հետ հանդիպելու եւ ծանոթանալու մասին։ Այդպես Երեւան չհասանք, գնացքով հասանք Ախալցիխե։ Պաշտոնապես հաստատվեց մեր ընկերությունը Լիզայի հոր համաձայնության շնորհիվ եւ վերադարձանք Երեւան։ Այդպես երկար ժամանակ ընկերություն արեցինք մինչեւ տեխնիկում ավարտելը։ Երբ ընդունվեցի արդեն ինստիտուտ, որոշեցի, որ արդեն պետք է միասին ապրենք։ Քանի որ ոչ Լիզան բարեկամ ուներ Երեւանում, ոչ ես, մենք մեզ որոշեցինք եւ ամուսնացանք։ Սոցիալական սուղ պայմաններից ելնելով՝ մեր ամուսնությունը Լիզայի՝ իմ բնակարան տեղափոխվելով սահմանափակվեց. խնջույք որպես այդպիսին չեղավ։

Հատուկ ամուսնության առաջարկ կամ նման բաներ, որոնք հիմա նորաձեւ են, չեմ արել. ոչ մատանի եմ տվել, ոչ բնակարանով ապահովել։ Երբ Կիրովականից եկել էի այստեղ, ոչինչ չունեի. ապրում էի հանրակացարանում։  Նրան այդպես էլ ասացի, որ ոչինչ չունեմ, իմ տուն բերելուց էլ մատանի չունեմ, որ դնեմ մատդ։ Բնակարան ունեցա միայն այն ժամանակ, երբ դարձա օլիմպիական չեմպիոն։ Ամեն ինչ ստեղծեցինք միասին՝ մեր սիրով եւ համերաշխությամբ։

Պարոն Ազարյան, ինչի՞ց եք հասկացել, որ նա ձեր կյանքի ուղեկիցն է։

Երբ հանդիպում ես այդ մեկին, արդեն գիտակցաբար քայլերը տանում են քեզ դեպի ամուսնություն, երկար ամուսնական կյանք։ Երբեք չես մտածում, իսկ եթե նրա հետ չկարողանա՞ս ապրել... Այդ գիտակցումը, որ նա է քո կյանքի ուղեկիցը, գալիս է ինքնաբերաբար, առանց որեւէ հիմքերի։

Մի փոքր կպատմեք ձեր ընտանեկան կյանքի մասին։  Ինչպիսի՞ ամուսին եք դուք ։

Այդ հարցին կարծում եմ կինս ավելի լավ կպատասխանի։ Բայց լինելով մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում, իմ մասնագիտությամբ զբաղված լինելով՝ ես եղել եմ եւ կարծում եմ մինչ օրս մնացել եմ խանդոտ ամուսին։ Օրինակ՝ մեկ անգամ կնոջս հետ վաճառասրահում շրջում էինք, (այդ ժամանակ նոր էինք ամուսնացել), տեսա թե ինչպես մի տղա կանգնած նայում էր ուղիղ մեր կողմը։ Ես անկախ ինձանից վրա եկա՝ կռիվ անելու։ Սկսեցի բարձրաձայն վիրավորել այդ տղային, թե ես այդ աղջկա կողքը կանգնած եմ, ո՞ւր ես այդպես նայում նրան։ Այդ խեղճ տղան ինձ հանգիստ տոնով ասաց՝ բայց ես ձեզ էի նայում պարոն Ազարյան։ Փաստորեն, նա ինձ ճանաչել էր, ես էլ անիմաստ խանդի տեսարան սարքեցի։

Ասում են՝ նույն ոլորտի մարդիկ դժվարություններ են ունենում համատեղ կյանքում։ Մարմնամարզությունը ի՞նչ դեր խաղաց ձեր կյանքում։

Ես համամիմ չեմ այդ կարծիքի հետ, քանի որ կյանքը ցույց տվեց, որ մենք՝ լինելով նույն ոլորտից, ավելի դյուրին կապվեցինք եւ ապրեցինք մեր համատեղ կյանքը։ Երբ կինը եւս զբաղվում է նույն մասնագիտությամբ, ինչ տղամարդը, դա մեծ առավելություն է։ Ես հավաքական թիմի անդամ էի դարձել, երբ երեխաներս ծնվեցին։ 1956 թվականին չորս ամսով հանրապետությունից դուս հավաքների էի։ Կինս, եթե չլիներ նույն ոլորտից, չէր հասկանա եւ չէր ընդունի իմ այդ հավաքները։ Նույնիսկ ես չեմ զգացել, որ Երեւանում թողել եմ կին եւ երեխաներ։ Նա ոչնչով ինձ չէր անհանգստացնում, որ այստեղ միայնակ է, դժվարությունների դեմ, երեխաների հետ իր մասին ինձ չէր հիշեցնում։

Ընդհանրապես, հայ տղամարդկանց մեծամասնությունը ամուսնության նախնական փուլում ավելի խիստ եւ պահանջկոտ է լինում, ինչը տարիների ընթացքում անհետանում է։ Դուք ե՞ւս պահանջկոտ ամուսին եք եղել։

Բարդ է  ինձ համար ինքս ինձ նկարագրելը։ Բնական է, որ սկզբնական փուլում այլ ես լինում, փորձում ես ինքնահաստատվել, ապա տարիների ընթացքում փոխվում ես, կնոջդ հետ դառնում մեկ անձ։ Եղել են բաներ, որ ինձ դուր չեն եկել։ Իսկ պահանջկոտության առումով, կարծում եմ մինչ օրս էլ պահանջկոտ եմ։ Բայց բանն այն է, որ մենք երբեւէ չենք վիճել, միմյանց լավ հասկացել ենք, երկուսս էլ զիջել են իրար։ Արդեն միասին ենք 40-ից ավելի տարիներ։ Իսկ դա քիչ չէ։ Կուզենայի, որ բոլոր հայ ընտանիքներում էլ տիրեր համերաշխությունը, ինչպես իմ ընտանիքում է, գերիշխեր սերը եւ փոխզիջումը։

Ընտանիքի ամրության հիմքը ո՞րն է։

Փոխադարձ վստահության մեջ է ընտանիքի ամրության գաղտնիքը։ Այսքան տարի միասին ենք, ես իրեն եմ վստահել եւ հավատացել, ինքը՝ ինձ։ Երբեք անվստահություն մեր միջեւ չի եղել։

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ամուսնալուծություններին։

Շատ վատ։ Չեմ ընդունում այն զույգերին, որ առանց երկար մտածելու ամուսնանում են եւ քիչ ժամանակ անց բաժանվում։ Դրանք հաշվարկով ամուսնություններն են։ Հիմա շատ տարածված է՝ տղաներն ընտրում են հարուստ աղջիկների կամ հակառակը։ Այս տարբերությունը միշտ էլ կբերի բաժանությունների։ Չեմ սիրում այն տղաներին, որոնք փնտրում են հարուստ աղջիկների։ Ամուսնությունը կյանքի ամենալուրջ քայլն է, դրանից առաջ պետք է լավ մտածել։

Ձեզ երջանիկ մարդ համարու՞մ եք ։

Իհարկե։ Ունենաս չորս երեխա, 7 թոռ, 4 ծոռ եւ չտեսնված կին, ինչպես երջանիկ չես համարի քեզ։ Ես ինձ համարում եմ ամենաբախտավոր եւ երջանիկ մարդը։

Պարոն Ազարյան,  ո՞րն է ձեր երջանկութայն բանաձեւը:

Այն, ինչ ունեմ։ Երեխաներ, թոռներ, սիրելի կին եւ երջանիկ կյանք։ Իմ երջանկության բանաձեւն այն է, որ ես ու կինս կյանքին նայում ենք մեկ դիտակետից եւ մեկ ուղղությամբ։

Երբեւէ սպորտը խանգարե՞լ է ձեր երջանիկ ներդաշնակ ընտանեկան կյանքին։

Ոչ, դեռ ավելին՝ սպորտն է մեզ երջանկություն տվել, օգնել գտնենք միմյանց եւ լինենք միասին։

Եթե ձեզ ապրելու երկրորդ հնարավորություն տրվեր, կապրե՞իք նույն կյանքը։

Այո, ամբողջ կյանքս կապրեի այնպես, ինչպես ապրել եմ, նորից կլինեի սպորտում՝ մարմնամարզությունում։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Ալբերտ Ազարյանի անձնական արխիվից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով