01:23  ,  9 մայիսի, 2013

«Ռեալը» 6 գնդակ ուղարկեց «Մալագայի» դարպասը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 6:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մալագայի» նկատմամբ՝ ռեւանշի հասնելով առաջին շրջանում կրած պարտության համար (2:3):

Առաջին խաղակեսը գոլառատ ստացվեց՝ անցնելով շատ դիտարժան պայքարում: Երրորդ րոպեին Ռաուլ Ալբիոլն առաջ մղեց «Ռեալին», բայց մադրիդցիների ուրախությունը երկար չտեւեց, քանի որ 15-րդ րոպեին պարագվայցի հարձակվող Ռոկե Սանտա Կրուզը խփեց «Մալագայի» պատասխան գնդակը: 20-րդ րոպեին հյուրերի իսպանացի պաշտպան Սերխիո Սանչեսը սեփական տուգանային հրապարակում վայր գցեց Կրիշտիանու Ռոնալդուին՝ հեռացվելով խաղադաշտից: Նշանակվեց 11 մետրանոց հարված, որին մոտեցավ տուժողը, սակայն պորտուգալացու հարվածից հետո «Մալագայի» դարպասապահ Վիլին հետ մղեց գնդակը: Րոպեներ անց հանդիպման գլխավոր մրցավարը կասկածելի ազատ հարված նշանակեց «Մալագայի» դարպասին: Այս անգամ Ռոնալդուն չվրիպեց՝ խփելով դաշտի տերերի երկրորդ գնդակը: 36-րդ րոպեին Մեսութ Օզիլը երրորդ գնդակն ուղարկեց «Մալագայի» դարպասը, բայց 2 րոպե անց պորտուգալացի պաշտպան Անտունյեշը գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում Կարիմ Բենզեման դարձյալ վերականգնեց Ժոզե Մոուրինյոյի թիմի 2 գոլի առավելությունը եւ թիմերն ընդմիջման գնացին 4:2 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսն անցավ ավելի հանգիստ պայքարում եւ արձանագրվեց դարպասի երկու գրավում, որոնցից մեկն իր անվան դիմաց գրանցեց «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ մյուսը՝ փոխարինման դուրս կած Անխել Դի Մարիան, ով աչքի ընկավ ավելացված ժամանակում:

«Ռեալը» 80 միավորով երկրորդ տեղում է եւ 8 միավոր զիջում է մեկ հանդիպում պակաս անցկացրած «Բարսելոնային»: Մալագայի թիմը 53 միավորով 6-րդն է:

Իսպանիայի առաջնություն. 36-րդ տուր 

«Ռեալ» - «Մալագա»՝ 6:2

Ռաուլ Ալբիոլ, 3, Կրիշտիանու Ռոնալդու, 26, Մեսութ Օզիլ, 34, Կարիմ Բենզեմա, 45, Լուկա Մոդրիչ, 63, Անխել Դի Մարիա, 90+1 – Ռոկե Սանտա Կրուզ, 15, Անտունյեշ, 36

Հեռացումներ՝ Սերխիո Սանչես, 21, Մարտին Դեմիչելիս, 73 (երկուսն էլ՝ «Մալագա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով