22:36  ,  5 ապրիլի, 2012

Հայկական ավտոսպորտի զարգացմանը խանգարում է մաքսային օրենսդրությունը

Հայաստանում ավտոսպորտի խնդիրների լուծումն այն է, որ ավտոարտադրողների հայաստանյան ներկայացուցիչները հետաքրքրություն ցուցաբերեն Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի (ՀԱՖ) մրցումների նկատմամբ, մասնավորապես` գովազդի առումով: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԱՖ-ի նախագահ Մկրտիչ Փիլթոյանը:

«Ապրիլի 15-ին կայանալիք  կանանց առաջնության ժամանակ առաջին անգամ «Կարկոմ-Ավտո»-ից կունենանք մեքենաներ: Դրանք անվտանգության կարկաս չունեն, բայց «Toyota» մակնիշի են եւ կսպասարկեն Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի ուժեղագույն ավտոմարզուհիներին»,- ասաց ՀԱՖ նախագահը:

Ֆեդերացիան փորձում է ավտոսպորտի համար պիտանի մեքենաներ ձեռք բերել, սակայն Հայաստանի կառավարությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում:

«Հայաստան ներկրվող ավտոմեքենաները բերվում են հիմնականում Վրաստանից: Սակայն դրանք արտաքնապես են լավը: Այդ ավտոմեքենաների մեծ մասը վթարի ենթարկված է: Թուրքիայում, Վրաստանի սահմանի մոտ լավ վերանորոգվում են 1-2 օրում եւ որպես նոր ավտոմեքենաներ` վաճառվում  Հայաստանում: Սակայն քանի որ մաքսային դաշտն ավելի մեղմ է այդպիսի ավտոմեքենաներ ներկրելու համար, դրանք գրեթե առանց մրցակցության են հայտնվում մեր երկրում: Ավելի լուրջ ավտոմեքենաներ են բերվում Ճապոնիայից եւ Գերմանիայից: Մենք պարբերաբար փորձում ենք լավ մեքենաներ ներկրել Հայաստան հատուկ ավտոսպորտի համար, բայց կառավարությունն այս հարցում էլ մեզ ոչնչով չի օգնում: Լավ մեքենա ներկրելու համար մաքսազերծման գումարը մեծ թիվ է կազմում, իսկ կառավարությունը չի նվազեցնում այդ գումարը: Մենք մեր ուժերով ենք ձեռք բերում, մեր ուժերով տեղադրում անվտանգության կարկասը, քանի որ առանց դրա չի կարելի ոչ մի մրցում անել: 2008-2009 թվականներին ֆեդերացիայում որոշ փոփոխություններ եղան` պայմանավորված ավտոմարզիկների մեքենաների անսարքությունով: Այդ մեքենաները նախկին խորհրդային մեքենաներ էին: Այս պահին մի քանի մեքենաներ են բերել դրսից եւ պատրաստվում են այն համալրել անվտանգության կարկասով: Մեր ավտոպարկը կավելանա ժամանակակից 6-8 ավտոմեքենանաներով»,- նշեց Մկրտիչ Փիլթոյանը:

Հայաստանի ավտոնոբիլային ֆեդերացիան հիմնադրվել է դեռեւս 1993 թվականին: 1996 թվականից ՀԱՖ-ը Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (ՖԻԱ) հայաստանյան միակ եւ լիազոր ներկայացուցիչն է: Գործունեության 19  տարիների ընթացքում ֆեդերացիայի նախաձեռնությամբ  անցկացվել է  71 առաջնություն եւ այլ կարգի մրցումներ: 

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում