22:36 5 ապրիլի, 2012Հայաստանում ավտոսպորտի խնդիրների լուծումն այն է, որ ավտոարտադրողների հայաստանյան ներկայացուցիչները հետաքրքրություն ցուցաբերեն Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի (ՀԱՖ) մրցումների նկատմամբ, մասնավորապես` գովազդի առումով: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԱՖ-ի նախագահ Մկրտիչ Փիլթոյանը:
«Ապրիլի 15-ին կայանալիք կանանց առաջնության ժամանակ առաջին անգամ «Կարկոմ-Ավտո»-ից կունենանք մեքենաներ: Դրանք անվտանգության կարկաս չունեն, բայց «Toyota» մակնիշի են եւ կսպասարկեն Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի ուժեղագույն ավտոմարզուհիներին»,- ասաց ՀԱՖ նախագահը:
Ֆեդերացիան փորձում է ավտոսպորտի համար պիտանի մեքենաներ ձեռք բերել, սակայն Հայաստանի կառավարությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում:
«Հայաստան ներկրվող ավտոմեքենաները բերվում են հիմնականում Վրաստանից: Սակայն դրանք արտաքնապես են լավը: Այդ ավտոմեքենաների մեծ մասը վթարի ենթարկված է: Թուրքիայում, Վրաստանի սահմանի մոտ լավ վերանորոգվում են 1-2 օրում եւ որպես նոր ավտոմեքենաներ` վաճառվում Հայաստանում: Սակայն քանի որ մաքսային դաշտն ավելի մեղմ է այդպիսի ավտոմեքենաներ ներկրելու համար, դրանք գրեթե առանց մրցակցության են հայտնվում մեր երկրում: Ավելի լուրջ ավտոմեքենաներ են բերվում Ճապոնիայից եւ Գերմանիայից: Մենք պարբերաբար փորձում ենք լավ մեքենաներ ներկրել Հայաստան հատուկ ավտոսպորտի համար, բայց կառավարությունն այս հարցում էլ մեզ ոչնչով չի օգնում: Լավ մեքենա ներկրելու համար մաքսազերծման գումարը մեծ թիվ է կազմում, իսկ կառավարությունը չի նվազեցնում այդ գումարը: Մենք մեր ուժերով ենք ձեռք բերում, մեր ուժերով տեղադրում անվտանգության կարկասը, քանի որ առանց դրա չի կարելի ոչ մի մրցում անել: 2008-2009 թվականներին ֆեդերացիայում որոշ փոփոխություններ եղան` պայմանավորված ավտոմարզիկների մեքենաների անսարքությունով: Այդ մեքենաները նախկին խորհրդային մեքենաներ էին: Այս պահին մի քանի մեքենաներ են բերել դրսից եւ պատրաստվում են այն համալրել անվտանգության կարկասով: Մեր ավտոպարկը կավելանա ժամանակակից 6-8 ավտոմեքենանաներով»,- նշեց Մկրտիչ Փիլթոյանը:
Հայաստանի ավտոնոբիլային ֆեդերացիան հիմնադրվել է դեռեւս 1993 թվականին: 1996 թվականից ՀԱՖ-ը Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (ՖԻԱ) հայաստանյան միակ եւ լիազոր ներկայացուցիչն է: Գործունեության 19 տարիների ընթացքում ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվել է 71 առաջնություն եւ այլ կարգի մրցումներ:
Պատրաստեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.