23:34  +04,  22 մարտի, 2013

Մուսա Մուրթազալիեւ. Ուժեղագույն մրցակցի հետ չկարողացա մինչեւ վերջ պայքարել

Կարծում եմ՝ նոր քաշային կարգում ուժեղագույն մրցակցի հետ չկարողացա մինչեւ վերջ պայքարել: Մրցակիցս ծանր էր եւ ես զգում էի դա, ինչն էլ ինձ խանգարում էր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Հայաստանը ներկայացնող դաղստանցի Մուսա Մուրթազալիեւը, ով 84 կգ քաշայինների եզրափակիչում 0:4 (0:2, 0:2) հաշվով պարտվեց վրացի Դաթո Մարսագիշվիլին:

Մուսա, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Եվրոպայի փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ: Ինչպե՞ս է տրամադրությունդ:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Տրամնադրությունս նորմալ է: Կարծում եմ՝ ոսկե մեդալ նվաճելու դեպքում ավելի բարձր տրամադրություն կունենայի: Շատ կցանկանայի Եվրոպայի չեմպիոն դառնալ, բայց սա սպորտ է եւ միշտ չէ, որ լինում է այնպես, ինչպես մենք ցանկանում կամ նախատեսում ենք: Ես կարողացա գորգի վրա ապացուցել, որ ինձանից կախված ամեն ինչ արեցի: Ուժերիս ներածին չափով գոտեմարտեցի:

Իսկ ի՞նչը խանգարեց քեզ անցկացնել հաջող գոտեմարտ եւ հաղթել եզրափակիչում:

Բանն այն է, որ ես քաշային խնդիր ունեի, ես վերջին ամիսներին քաշային կարգս փոխել էի` 74-ից 84: Կարծում եմ՝ նոր քաշային կարգում ուժեղագույն մրցակցի հետ չկարողացա մինչեւ վերջ պայքարել: Մրցակիցս ծանր էր եւ ես զգում էի դա, ինչն էլ ինձ խանգարում էր: Բացի այդ, 84 կգ քաշային կարգում ես դեռ չեմ հարմարվել եւ այդ քաշային կարգը ինձ շուտ հոգնեցրեց այսօր: Ինչ-որ բան չէր բավականացնում, ինչի պատճառով ես նահանջում էի:

Իսկ մրցակիցդ ուժե՞ղ էր:

Այո, նա բավական ուժեղ էր: Բացի այդ, նա Օլիմպիական խաղերի մրցանակակիր է: Բավական փորձառու ըմբիշ էր եւ վստահ իր հնարքներում:

Դու այսօր անցկացրեցիր մի քանի գոտեմարտ: Եզրափակչում հոգնած է՞իր:

Արդեն հոգնած էի: Բայց հոգնածությունը պարտվելու պատճառ չի կարող հանդիսանալ: Բնական է, որ մի քանի հաղթական գոտեմարտերից հետո կհոգնեի: Բայց դա ինձ չխանգարեց, որ մինչեւ վերջ պայքարեի` ներդնելով բոլոր ուժերս

Ի՞նչ կասես մրցավարության մասին: Մրցավարներն արդա՞ր էին դատում:

Չեմ դժգոհում, ամեն ինչ նորմալ էր: Նորմալ դատում էին: Ես գիտակցում էի իմ խնդիրը մրցագորգի վրա եւ մրցավարությանն ուշադրություն չէի դարձնում:

Ամեն դեպքում, դու մեդալակիր ես եւ արծաթե մեդալն էլ հաղթանակ է: Ի՞նչ է քեզ համար այս հաղթանակը:

Հաղթանակը ինձ համար մնում է հաղթանակ, սա աշխատանքի արդյունք է, սա թիմի քրտնաջան աշխատանքն է եւ ես ուրախ եմ, որ մեդալ եմ նվաճել: Մյուս անգամ անպայման կպայքարեմ ոսկու համար: Երկրորդ տեղն եմ զբաղեցրել, բայց դե երկրորդ տեղն էլ հաղթանակ է:

Կարծես լիարժեք ուրախ չես արծաթե մեդալի համար:

Ամեն ինչ նորմալ է: Հրաշքներ չեն լինում եւ ես էլ հրաշնքերի չէի սպասում մրցագորգի վրա: Նորմալ պայքար էր եւ ես նորմալ պայքարեցի մեդալի համար: Բնական է, որ երբ մոտ ես լինում ոսկուն եւ չեմպիոն չես դառնում, դա տխրեցնում է: Բայց սա սպորտ է եւ եթե ես ավելի շատ մարզված լինեի ու իմ քաշային կարգում գոտեմարտերի մեծ փորձ ունենայի, ոսկին իմը կլիներ:

Դու ավարտեցիր ազատոճայինների պայքարը Եվրոպայի առաջնությունում: Արդեն խոսել ես հարազատներիդ հետ: Ո՞վ է առաջինը շնորհավորել քեզ:

Խոսել եմ միայն կնոջս հետ: Նա է ինձ առաջինը շնորհավորել: Բոլոր գոտեմարտերից հետո նա է առաջինն ինձ շնորհավորում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ