05:10  ,  2 ապրիլի, 2012

Աշխարհի չեմպիոնական մենամարտն ամենադժվարներից է լինելու Աբրահամի համար. հարցազրույց

Արթուր Աբրահամ - Պետր Վիլշեւսկի մենամարտը բնականաբար ոչ միայն մարզասարների, այլ նաեւ բռնցքամարտի մասնագետների ուշադրության կենտրոնում էր: Մասնագիտական մեկնաբանությունը NEWS.am Sport-ի համար ներկայացրեց ԽՍՀՄ եւ Հայաստանի վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը:

Պարոն Անտոնյան, ի՞նչ տպավորություն ստացաք մենամարտից:

Առաջին հերթին Արթուրի համար այս մենամարտում հաղթելը շատ կարեւոր էր: Բռնցքամարտիկը նպատակ է դրել աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել ու այդ առումով հաղթանակը վստահություն է արդեն հաջորդ մենամարտերի համար: Ճիշտն ասած, ես ավելին էի սպասում լեհ բռնցքամարտիկից, որը ունեցել է WBO վարկածով չեմպիոնական տիտղոսը: Սակայն մենամարտի ընթացքում երեւաց, որ Վիլշեւսկին աշխարհի չեմպիոնական մենամարտերի փորձ չունի: Որպեսզի ավելի պարզ հնչի` ասեմ, որ եվրոպական կարգի բռնցքամարտիկ էր: Բայց դա չի նշանակում, որ նրան հաղթելը հեշտ էր:

Իսկ Արթուրի գործողություններում համեմատած նախորդ մենամարտի դուք տարբերություն տեսա՞ք:

Այո, տեսա եւ ուրախացա: Նախ, ի տարբերություն ոչ միայն նախորդ, այլ շատ մենամարտերի առաջին ռաունդի մեկնարկը ազդարարող գոնգի հետ Արթուրը սկսեց աշխատել: Չէր սպասում, որ մրցակիցը սկսի գործողությունը, չէր ձգտում հոգնեցնել նրան, այլ ինքն էր սկսում գործողությունները ու առաջին իսկ ռաունդից մինչեւ վերջ աշխատեց: Բացի այդ իմ կարծիքով Արթուրի համար շատ լավ էր, որ մենամարտը տեւեց 12 ռաունդ: Մեր մարզիկը իրեն ստուգելու հնարավորություն ունեցավ: Ավելացնեմ նաեւ, որ Արթուրը այս մենամարտում շատ լավ դիմավորում էր մրցակցին ու հարվածաշարերի անցնում, ինչը ոչ պակաս կարեւոր է մարտի ընթացքում: Ես նկատեցի մեր մարզիկի կողմից 6-7 հարվածներից բաղկացած հարվածաշար: Ճիշտ է, ոչ բոլոր հարվածներն էին հասնում նպատակին, բայց եթե նույնիսկ մեկ կամ երկու հարված էլ հասնում էր, ապա դրանք ցնցող հարվածներ էին, իսկ մյուսներն էլ խանգարող հարվածներ էին Վիլշեւսկու համար, քանի որ լեհը չէր հասցնում արագ կողմնորոշվել:

Այսինքն, Արթուրը գործով ապացուցեց, որ ուժեղ է Վիլշեւսկուց:

Այո: Մրցավարական որոշումներն էլ պարզ արտահայտեցին ուժերի իրական հարաբերակցությունը ռինգում` 12 ռաունդներից 10-ում հաղթանակ տալով հայ բռնցքամարտիկին, իսկ մյուս երկուսում կարող է նույնիսկ ոչ-ոքի են տվել: Ամեն դեպքում Աբրահամի ակտիվությունը ծառայեց նպատակին, ոտքերով շարժումներն էլ երբեմն իրենց դերակատարումն ունեցան, ու բացի այդ Աբրահամը մենամարտի ընթացքում կարծես թե ուներ միշտ գրոհելու պահեստային տարբերակը: Ես հուսով եմ, որ Աբրահամը կզարգացնի իր այս մարտավարությունը եւ հաղթանակ կտանի արդեն աշխարհի չեմպիոնական մենամարտում, որն անկասկած ամենադժվարներից մեկն է լինելու:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Լուսանկարը` arthur-abraham.de

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում