10:46  ,  22 փետրվարի, 2013

Արսեն Գալստյանը` Ռուսաստանի երկրորդ ամենահաջողակ մարզիկ

Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը 2012թ. Ռուսաստանի երկրորդ ամենահաջողակ մարզիկն է, առաջատարը տափօղակով հոկեյի Ռուսաստանի հավաքականի եւ «Պիտսբուրգ Պինգվինզի» հարձակվող Եվգենի Մալկինն է, երրորդ տեղում ջրացատկորդ Իլյա Զախարովն է: Ռեյտինգը կազմել են «Ռ-Սպորտ» գործակալությունը «Մեդիալոգիայի», PROСПОРТ ամսագրի, «Ավտոռադիոյի», «Մոսկվա 24» հեռուստաալիքի եւ «Մոսկովսկիե Նովոստի» թերթի աջակցությամբ:

Հարցմանը մասնակցել են փորձագետներ եւ գործընկերներ: Մարզական նվաճումներից բացի հաշվի են առել մարզիկի անձնական որակները, ակտիվ կենսակերպ վարելու վերաբերյալ մարդկանց որոշումների վրա ազդեցության աստիճանը, տպագիր մամուլում հիշատակումները եւ ինտերնետային հարցումները:

Տասնյակում են նաեւ վոլեյբոլիստներ Սերգեյ Տետյուխինն ու Մաքսիմ Միխայլովը, հաշմանդամ աթլետ Ալեքսեյ Աշապատովը, բարձրացատկորդ Իվան Ուխովը, հոկեյիստներ Պավել Դացյուկն ու Ալեքսանդր Օվեչկինը եւ բասկետբոլիստ Անդրեյ Կիրիլենկոն:

Հիշեցնենք, որ Արսեն Գալստյանն ընդգրկված էր նաեւ 2012թ. Ռուսաստանի լավագույն մարզիկների տասնյակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում