14:28  ,  29 մարտի, 2012

Աբրահամն ու Վիլշեւսկին հավասար շանսեր ունեն. լեհ փորձագետ

Գերմանական Քիլ քաղաքում մարտի 31-ին կայանալիք Արթուր Աբրահամ – Պյոտր Վիլշեւսկի մենամարտում երկու բռնցքամարտիներն էլ հավասար հնարավորություններ ունեն։ Այդ մասին լեհական Polsat հեռուսաալիքին տված հարցազրույցում հայտարարել է լեհ հայտնի լրագրող եւ փորձագետ Յանուշ Պինդերը։ Մասնագետի խոսքով՝ մարզասեր հանրությունը կաջակցի Աբրահամին, սակայն դա չի խանգարի լեհ բռնցքամարտիկին արժանի դիմադրություն ցույց տալ մրցակցին։

«Երկու կամ երեք տարի առաջ, վստահ եմ, կհաղթեր Աբրահամը։ Սակայն ԱՄՆ-ի Super Six մրցաշարում Աբրահամի կրած պարտություններից հետո փորձագետները նկատեցին նրա թույլ կողմերը, որոնցից կփորձի օգտվել նաեւ Վիլշեւսկին։ Կարծում եմ՝ երկու բռնցքամարտիկներն էլ հաջողության հասնելու հավասար հնարավորություններ ունեն»,- փորձագետի խոսքը մեջբերում է Boxingscene-ը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արթուր Աբրահամն ու Պյոտր Վիլշեւսկին կվիճարկեն երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածով չեմպիոնական գոտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում