11:31  ,  2 փետրվարի, 2013

AS. Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը

Իսպանական AS մարզական պարբերականն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի տրամադրությունն աստիճանաբար, բայց մինեւնույն ժամանակ հաստատուն կերպով, բարձրանում է: Վերջին ամիսներին Ռոնալդուն յուրատեսակ դեպրեսիայի մեջ էր եւ նույնիսկ չէր տոնում իր խփած գոլերը: AS-ը հավաստիացնում է, որ Ռոնալդուի հիմնական խնդիրն  Արքայական ակումբի ղեկավարության վերաբերմունքն էր: 

Ամիսներ առաջ Ռոնալդուն հայտարարել էր, որ «Ռեալում» տխուր է իր համար: Պորտուգալացին ակումբի ղեկավարության ուշադրությունն իրավացիորեն հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ «Ռեալը» չի վարում այնպիսի հզոր PR, ինչիպիսին անում է «Բարսելոնան»՝ կապված Մեսիի հետ: Միեւնույն ժամանակ Ռոնալդուն վիրավորված էր ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի այն հայտարարությունից, թե Ռոնալդուին պետք է վաճառել, որպեսզի ստացած գումարով հնարավորություն լինի ձեռք բերել Մեսիին: Ռոնալդուն ժամանակին կարծիք էր հայտնել նաեւ, թե ՖԻՖԱ-ն եւ ՈւԵՖԱ-ն անաչառ չեն «Ոսկե գնդակը» շնորհելու հարցում:  Մեսիի հերթական մրցանակը դեպրեսիայի մեջ էր գցել Ռոնալդուին:  Պորտուգալացին ֆուտբոլասերների ուշադրությունը հրավիրել էր նաեւ այն հանգամանքի վրա, որ նոր պայմանագրի հարցում մադրիդյան ակումբը չի շտապում: Նշենք, որ Ռոնալդուի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2015-ին: Ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է «Ռեալում» խաղալ մինչեւ գործող պայմանագրի ժամկետի ավարտը, որից հետո միայն կմտածի իր ապագայի մասին:

Սակայն իսպանական պարբերականի ընթերցողների 81 տոկոսը կարծում է, որ Ռոնալդուն, այնուամենայնիվ, կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ: Ինչ վերաբերվում է Ռոնալդուի «վերադարձին». իր խփած գոլերը պորտուգալացին վերջին շրջանում ուրախությամբ է նշում, ինչը վկայում է, որ նա դուրս է գալիս դերպեսիայից: Հինգ ամիսների ընթացքում Ռոնալդուն կերպարանափոխվել է՝ անցկացրած 28 խաղերում դառնալով 29 գոլի հեղինակ (19 գնդակ առաջնությունում,  6-ը՝ Չեմպիոնների լիգայում, 4-ն՝ Արքայական գավաթի խաղարկությունում):  «Ռոնալդու» անունով մեքենան կրկին գործում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով