16:34  ,  12 հունվարի, 2013

Յուրի Վարդանյան. Ես հերքում եմ, որ նշանակվելու եմ ՀՀ սպորտի նախարար

«Ես հերքում եմ, որ նշանակվելու եմ ՀՀ սպորտի նախարար: Ես չեմ պատրաստվում նշանակվել սպորտի նախարար: Իհարկե, դա շատ հնարավոր է` ես սպորտից հեռու մարդ չեմ, բայց այս պահին նման ծրագրեր չկան:  Դրանք անհիմն, փողոցային խոսակցություններ են»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը:

Հունվարի 12-ին լրատվամիջոցներում լուր է տարածվել, թե ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը նախագահական ընտրություններից հետո զբաղեցնելու է ՀՀ սպորտի նախարարի պաշտոնը:

Պարոն Վարդանյան, ճի՞շտ է, որ նշանակվելու եք ՀՀ սպորտի նախարար:

Ես խորհուրդ կտամ բացարձակ չհավատալ այդ հրապարակումներին, ուշադրության չարժանացնել: Առավոտից ապշում եմ: Ես այնքան լուրջ, կոմպետենտ ընկերներ ունեմ, որ միասին մի կյանք ենք ապրել, ընկերություն արել: Այսօր, նրանք ինձ զանգում են ու նույն հարցն են տալիս: Այն էլ այն դեպքում, որ այդ մարդիկ հստակ գիտեն իմ դիրքորոշումը այդ կապակցությամբ: Բազմիցս ասվել ու հիշատակվել է իմ դիրքորոշումը սպորտի նախարար դառնալու կապակցությամբ: Այդքանից հետո զանգում, ասում են`շնորհավորե՞նք, ճի՞շտ է, թե՞ ոչ: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչ հիմքով է նման տեղեկություն տարածվել: Շատ ծանր եմ տանում` ինչպես կարող է լուրջ մարդը նման լրատվությանը հավատալ: Հիմա մի փողոցային խոսակցություն լսում են, կամ չեն լսում, իրենց ենթադրություններով շարադրում են միտքն ու գրում թերթերում:

Այսինքն, նույնիսկ ապագայո՞ւմ նման ծրագիր չկա:

Գիտեք ինչ, դրանք խելքին մոտ խոսակցություններ են: Շատ հնարավոր է, որ ես երբեւէ լինեմ սպորտի նախարար: Բայց չի նշանակում, որ այդ խելքին մոտ բանը կարող է հիմա տեղի ունենալ: Դա հնարավոր էր նաեւ երեկ չէ առաջին օրը: Չեմ ժխտում, ես սպորտից հեռու մարդ չեմ: Բայց այս պահին ու առաջիկայում նման նշանակում չի լինելու: Միայն կցանկանամ խորհուրդ տալ, որ մոտավորապես նյութեր չգրեն:

Հերքում եմ ես այդ ինֆորմացիան: Նախարարներին նշանակում է ՀՀ նախագահը, հաստատում ՀՀ վարչապետը: Այդ ո՞վ է ՀՀ նախագահից իմացել, որ նման նշանակում է լինելու: Ես չգիտեմ այդ մասին:

Ես ցանկանում եմ մի ճշտում մտցնել, որպեսզի բոլորին պարզ լինի, քանի որ ես պարզ մարդ եմ. ես նախագահականում նստած երբեք չեմ մտածում, որ պետք է գնամ սպորտի նախարար: Շատերին թվում է, թե ես այդպես եմ ցանկանում, բայց ես որեւէ նպատակ չունեմ սպորտի նախարարություն գնալ:

Իսկ եթե նշանակվեք սպորտի նախարար, ի՞նչ կփոխեք հայկական սպորտում:

Եթե ես նշանակվեմ սպորտի նախարար` ծայրից ծայր կփոխեմ հայկական սպորտը: Մեծ եւ երկարարտեւ աշխատանք կունենամ անելու որպես սպորտի նախարար:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով