13:23  +04,  31 դեկտեմբերի, 2012

Արթուր Աբրահամ. Ամանորը ջերմության ու նորության տոն է. Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ

«Ձմեռ պապից ուզում եմ, որ Նոր տարում օգնի ընտանիք ստեղծեմ, երեխաներ ունենամ: Սա իմ ամենամեծ ցանկությունն է, որ իմ կյանքում պակասում է: Սա շատ կարեւոր ցանկություն է, որը ես պարտավոր եմ անել, հանուն իմ մայրիկի, ով շատ է նեղվում, որ ես չեմ ամուսնանում: Ես էլ եմ արդեն նեղվում, ճիշտ է, բայց դե Նոր տարում կմտածեմ այդ ուղղությամբ: Նոր տարում ես իմ ընտանիքը անպայման կստեղծեմ»:

Այս մասին  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում  WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Այս օրերին Արթուր Աբրահամը Երեւանում է: Եկել է ընտանիքի հետ հայրենիքում Նոր տարին դիմավորելու:

Արթուր, ինչպես խոստացել էիր, Ամանորը նշելու ես հայրենիքում: Սիրո՞ւմ ես այս տոնը:

Շատ-շատ եմ սիրում այս տոնը, որովհետեւ սա ջերմության տոն է: Նոր տարի է, նորության տոն է, ամեն ինչ նոր է սկսվելու, լինելու: Ջերմություն կա այս տոնի մեջ, սա այն բացառիկ տոներից է, որ առանց ջերմության չի անցնում: Միայն տներով գնալ-գալը, օրը 24 ժամ միմյանց շնորհավորելը, գրկելը, ուտել-խմելը, ուրախանալը, այս ամենը ջերմություն է:

Ամանորին նվերներ տալ կամ ստանալ սիրո՞ւմ ես:

Ավելի շատ սիրում եմ նվիրել, քան ստանալ: Դա ինձ համար ավելի հաճելի է: Նվերի չափը կամ գինը երբեք չեմ կարեւորում` հատկապես ստանալիս: Կարեւոր չէ` փոքր է, թե մեծ: Եթե նվեր է, արդեն թանկ է ինձ համար:

Իսկ տոնածառ սիրո՞ւմ ես, եւ Ձեր տան տոնածառն ո՞վ է զարդարում:

Տոնածառ սիրում եմ, բայց մեր տանը միշտ ժամանակ չեմ ունենում ես զարդարեմ: Միշտ երբ գալիս եմ` տոնածառը զարդարված է լինում արդեն: Քույրերս չեն թողնում ես գամ, նոր զարդարեն: Եթե նույնիսկ կիսատ են զարդարած լինում, չեմ խառնվում, քանի որ տանը մասնագետներ կան եւ ինձ թույլ չեն տալիս մոտ գնամ տոնածառին:

Ձմեռ պապից ստացած ամենատպավորիչ նվերդ ո՞րն է եղել:

Այս պահին չեմ հիշում, թե որ տարիքում էր, բայց շատ մեծ գնացք էի նվեր ստացել, եւ այն անդադար պտտվում էր: Ես այդ գնացքը շատ էի սիրում: Դա իմ մանկության ամենահիշվող նվերն է:

2013-ին Ձմեռ պապից ի՞նչ ես ուզում քեզ համար:

Սպորտային հաջողություն: Տարին սպորտի ոլորտում հաջող լինի, մնացած ամեն ինչ կստացվի: Եվ բնականաբար առողջություն:

Բացի սպորտից:

Ձմեռ պապից ուզում եմ, որ Նոր տարում օգնի ընտանիք ստեղծեմ, երեխաներ ունենամ: Սա իմ ամենամեծ ցանկությունն է, որ իմ կյանքում պակասում է: Սա շատ կարեւոր ցանկություն է, որը ես պարտավոր եմ անել, հանուն իմ մայրիկի, ով շատ է նեղվում, որ ես չեմ ամուսնանում: Ես էլ եմ արդեն նեղվում, ճիշտ է, բայց դե Նոր տարում կմտածեմ այդ ուղղությամբ: Նոր տարում ես իմ ընտանիքը անպայման կստեղծեմ:

Մի քանի ժամից կմտնենք Նոր տարի: Ի՞նչ կմաղթես երկրպագուներիդ:

Ուզում եմ, որ բոլորը լինեն երջանիկ, առողջ, բոլորը լինեն միշտ բարձր տրամադրությամբ: Չլինի մի բան, որ մարդկանց տրամադրությունը գցի: Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ