12:46  ,  26 հոկտեմբերի, 2026

ԱԱ. Սլավիկ Գալստյանը, Կարեն Ասլանյանը եւ Գեւորգ Թադեւոսյանը քառորդ եզրափակիչում են

Ղազախստանի մայրաքաղաք Աստանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Գեւորգ Թադեւոսյանը դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

Եվրոպայի փոխչեմպիոն, 2024 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Կարեն Ասլանյանը (63 կգ) որակավորման փուլում 10:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց մոլդովացի Կոռնելիու Ռուսուին:

1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության մատնեց Ղրղսզտանը ներկայացնող Աֆթանդիլ Տալայբեկ Ուուլուին:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ) մեկնարկային գոտեմարտում 5:1 հաղթեց Ֆրանսիան ներկայացնող հայազգի Գագիկ Սնջոյանին:

1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը  10:0 հաշվով առավելության հասավ մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչում Սլավիկ Գալստյանի մրցակիցը կլինի նորվեգացի Հավարդ Ջորգենսենը:

87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը մեկնարկում 6:3 հաշվով ծայրահեղ բարդ գոտեմարտում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Միլադ Ալիրզաևին:

1/8 եզրափակիչում Թադեւոսյանը 4:1 հաշվով պարտության մատնեց Նուրսուլթան Տուրսինովին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print