15:23  ,  17 հոկտեմբերի, 2026

Արմեն Բաբալարյան. Ուժեղ կազմով ենք մեկնում աշխարհի առաջնության. թիմը պատրաստ է (ֆոտոշարք)

Թիմը պատրաստ է աշխարհի առաջնությանը: Բոլորը լավ մարզավիճակում են: Ուժեղ կազմով ենք մեկնում Աստանա: Արթուր Ալեքսանյանն արդեն հայտնի պատճառով է բացակայում: Վիրահատությունից հետո, եթե առողջությունը, ընդհանուր վիճակը թույլ տա, նրան նորից կտեսնենք գորգի վրա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեականները:

Այս օրերին Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմը վերջին մարզումներն է անում ԱԱ մեկնելուց առաջ: Հոկտեմբերի 17-ին հավաքականը բաց մարզում անցկացրեց Երեւանի «Դինամո» մարզահամալիրում: Մարզմանը չէր մասնակցում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը բաց կթողնի աշխարհի առաջնությունը:  Ինչպես Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարեց, աշխարհի քառակի չեմպիոնը ողնաշարի վիրահատության է ենթարկվել եւ այս փուլում Մոսկվայում հետվիրահատական վերականգնողական շրջան է անցնում:

Բաց մարզմանը մասնակցում էին թիմի մյուս բոլոր անդամները: Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ ԱԱ-ին մասնակցող բոլոր ըմբիշները ծանրաբեռնված գորգային մարզում եւ գոտեմարտեր անցկացրին:

«Աշխարհի առաջնության կազմն ընտրել ենք Լեհաստանի, Բենուր Փաշայանի մրցաշարերի,  ինչպես նաեւ Եվրոպայի առաջնության արդյունքներով: Առաջնությանը պատրաստվել ենք երեք մրցափուլերով եւ 5 մարզական հավաքներով՝ Ծաղկաձորում, Դիլիջանում, Գյումրիում եւս երկուսը՝ Երեւանում:

Բոլորից էլ սպասելիքներ ունեմ, բոլորն էլ լավ են պատրաստվել: Թիմը պատրաստ է: Թե ինչ արդյունքներ կունենանք, ցույց կտա մրցագորգը: Տղաները լավ մարզավիճակում են: Վնասվածքներ միշտ ունենում ենք, բայց այն վնասվածքները չեն, որ կարող են խանգարել աշխարհի առաջնության գորգ բարձրանալու համար:

Ինչպես ցանկացած մրցաշարերի, աշխարհի առաջնությանն էլ մեկնում ենք ամենաբարձր մեդալների ակնկալիքով: Միշտ ուժեղ թիմերով ենք ներկայանում մրցաշարերի, թույլ թիմ չենք տանում: Ովքեր հաղթում են մրցաշարերում, նրանց ենք ընդգրկում հավաքական եւ տանում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին:

Ավելի լավ արդյունքների հասնելու համար մենք պետք է անենք մեր գործը, տղաներն՝ իրենցը:

Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնությունը բաց է թողնում արդեն հայտնի պատճառով: Արթուրի, ֆեդերացիայի, բոլորիս կարծիքով՝ ողնաշարի վիրահատությունն նրա համար շատ կարեւոր էր: Վիրահատությունից եւ վերականգնվելուց հետո արդեն կտեսնենք՝ ինչ վիճակում է:  Բնականաբար՝ Արթուրի ցանկությունն է կարեւոր, եթե առողջությունը թույլ տա, նրան գորգի վրա նորից կտեսնենք: Մեզ համար շատ կարեւոր է Արթուրի ցանկությունը, որը նա ունի: Նրա բացակայությունը թիմում դեր ունի, բայց սա անհատական մարզաձեւ է եւ յուրաքանչյուրն ունի իր անհատական հոգեբանությունը, տեխնիկան, տակտիկան, յուրաքանչյուրն ինքը պետք է ձգտի մարզումների, անհատական աշխատանքների յուրացրածը ցույց տալ գորգում եւ ունենալ հաջողություն:

Թիմը չի թուլանում Արթուր Ալեքսանյանի բացակայությունից: Եթե պետք է թուլանա, ուրեմն դա արդեն թույլ բնավորություն ունեցող մարզիկների հավաքական է, իսկ մենք այդպիսի մարզիկներ չունենք:

Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ թիմի առջեւ դնում եմ մեկ խնդիր՝ մրցագորգում անել ամեն ինչ, ստանալ ամենաբարձր արդյունքները»,- ասաց Արմեն Բաբալարյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Աստանայի մրցագորգում կպայքարեն՝ Նորյար Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print