12:27 22 օգոստոսի, 2026Անչափ կարեւոր ու սպասված հաղթանակ էր Արթուր Ավետիսյանից: Շատ էինք սպասում նրա ոսկե մեդալին: Այս հաջողություններում մեծ դեր ունեն մարզիչներ Հայկ Նազարյանը, Արտակ Այդինյանը: Անգնահատելի է նաեւ Արթուր Դավթյանի դերը թիմում՝ որպես թիմի ավագ: Հպարտ եմ իմ թիմով:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Խորվաթիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Զագրեբում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը երկու գործիքների եզրափակիչներում 4 մասնակցով նվաճեց մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ մարզական կարիերայում նվաճեց Արթուր Ավետիսյանը, որն անգերազացնելի էր օղակների վարժությունում: Նժույգ թափեր վարժությունում փոխչեմպիոն դարձավ Համլետ Մանուկյանը, բրոնզե մեդալակիր՝ Մամիկոն Խաչատրյանը:
Պարոն Սերոբյան, շնորհավորում եմ Արթուր Ավետիսյանի չեմպիոնության կապակցությամբ: Սպասո՞ւմ էիք այս հաղթանակին:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Իսկապես՝ մեծ նվաճում է մի երկրի համար միանգամից երեք մեդալ մեկ օրում: Շատ ուրախացրեց Արթուր Ավետիսյանի ոսկե մեդալը օղակների վարժությունում: Ալբերտ Ազարյանի՝ 1955 թ. ԽՍՀՄ դրոշի ներքո տարած հաղթանակից հետո, այս վարժությունում Եվրոպայի չեմպիոն չէինք ունեցել: Վահագն Դավթյանը երկու անգամ դարձել էր փոխչեմպիոն: 71 տարի անց առաջին անգամ չեմպիոն ունենք:
Անկեղծ կլինեմ՝ Արթուրը շատ է չարչարվել, ամեն անգամ շատ լավ է պատրաստվել, բայց միշտ 4-րդ տեղի արդյունք էր ցույց տալիս: Միայն անցած տարի բրոնզե մեդալակիր դարձավ: Ի վերջո, հասկացանք, թե գաղտնիքը որն է. մի օր նրան ասացի՝ եթե մեկ անգամ մեդալ նվաճես, թույլ կտամ՝ ամուսնանաս: Նվաճեց Եվրոպայի բրոնզե մեդալը, ամուսնացավ եւ ստացվեց (ծիծաղում է): Ամուսնությունից հետո աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթեց, եկավ այստեղ էլ հաղթեց: Այնպես որ, գուցե Համլետին եւ Մամիկոնին էլ երիտասարդ տարիքում շուտ ամուսնացնենք (ծիծաղում է): Ամուսնությունն Արթուր Ավետիսյանին շատ օգնեց: Ապրեն մեր հարսները, որ այսքան օգնում են:
Ուրախ ենք շատ: Անչափ կարեւոր ու սպասված հաղթանակ էր Արթուր Ավետիսյանի համար: Շատ ուրախացանք: Շատ էինք սպասում նրա ոսկե մեդալին:
Օղակների վարժությունում 14.400 միավոր վաստակեց նաեւ երկրորդ տեղը գրաված Իլյա Զաիկան: Նույն գնահատականը չանհանգստացրե՞ց:
Արթուրը մարքության հաշվին հաղթեց: Նույն գնահատական էր, բայց մարքության գնահատականն Արթուրինն ավելի բարձր էր՝ 9 միավոր: Մենք դրանով հաղթեցինք: Արթուր Ավետիսյանը վարժությունը չէինք բարդացրել, նա ուղղակի շատ լավ կատարեց եւ արեց իր լավագույն կատարումը:
Ի՞նչն էր պակասում Ավետիսյանին այս տարիների ընթացքում: Ինչո՞ւ չէր ստացվում: Ի՞նչը փոխեցիք նրա մարզումներում:
Արթուրը հոգեբանական մեծ արգելք հաղթահարեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալից հետո: Քանի տարի 4-րդ տեղ, չէր կարողանում հասնել մեդալներին: Վերջապես անցած տարի Գերմանիայում բրոնզե մեդալակիր դարձավ, շատ ուրախացանք: Այդ մեդալի շնորհիվ նա հավատաց իրեն: Բրոնզե մեդալով բաց թողեց ինչ-որ մի բան եւ հավատաց, որ կարող է հասնել նաեւ ոսկուն:
Սա սպորտ է եւ պետք է միայն ուժեղ լինելով հաղթել: Մեղադրել մրցավարներին, մրցավարությանը, ինչ-ինչ պատճառներ բերել չստացվելու համար, ամենասխալ բանն է: Աշխատեք, չարչարվեք եւ կստանաք այն, ինչ վաստակել եք, ինչին արժանացել եք ձեր աշխատանքով: Իմ տղաները գիտեն, որ պետք է աշխատեն եւ շատ, որպեսզի ունենանք այս արդյունքները եւ այսպես ուրախանանք: Այն ուրախությունը, որն ապրեցինք այստեղ եւ ապրում ենք թիմի հաղթանակներով, մեդալներով, լրիվ ուրիշ զգացողություն է: Ցանկացած մարզիչի, մարզիկի, երկրի, թիմի համար ամենամեծ պարգեւն է:
Ձեր գլխավորած թիմը մեկ օրում ամբողջական մեդալային հավաքածու նվաճեց: Գո՞հ եք արդյունքներից: Համլետ Մանուկյանն էլ շատ մոտ էր կրկնակի չեմպիոն հռչակվելուն: Ինչո՞վ իտալացին հաղթեց Համլետին:
Իրոք, ոսկե մեդալի սպասելիք ունեինք Համլետ Մանուկյանից եւ Մամիկոն Խաչատրյանից: Արեցին ամեն ինչ, ինչ կարող էին: Պատրաստ էին բոլորը, եւ շատ լավ արեցին: Համլետ Մանուկյանը դեռ 15.000 միավոր չէր ստացել, այստեղ վաստակեց: Դա շատ բարձր արդյունք է: Իտալացի մարմնամարզիկը բարդությամբ էր առավել: Պետք է մի քիչ շատ աշխատենք, վարժությունը բարդացնենք: Ես տղաներին ասել էի՝ արեք, ինչ կարողանում եք եւ այստեղ բոլորն արեցին իրենց առավելագույնը, լավագույնը, այն, ինչ կարողանում են:
Համլետը, Մամիկոնը շատ լավ կատարեցին իրենց վարժությունը: Նշեմ, որ Մամիկոնի ձեռքն այտուցված էր: Մրցելույթից առաջ նրան ասացի՝ քեզ հավատում եմ, մոռանում ես, ցավ չկա: Արեցին, շատ գոհ եմ: Շատ դժվար է այսպիսի խոշոր մրցաշարերում այսպիսի մրցակցության պայմաններում մոտենալ առաջինը եւ անել լավագույնը: Շատ ուրախ ենք. ստացվեց մեդալային հավաքածու: Աստծուց ավելին չենք ուզում: Վաստակեցինք այնքան, որքան աշխատել էինք: Հասանք առավելագույնին: Ագահությունը լավ բան չի: Բոլոր երկրները ձգտում են այսքան մեդալ նվաճել, բայց մեկ օրվա մեջ այսքան մեդալ ոչ մի երկիր չնվաճեց:
Վահագն Դավթյանը 38 տարեկանում հրաշալի հանդես եկավ, բայց ինչ-որ բան խանգարեց մեդալային պայքարում լինելու համար: Ի՞նչն էր:
Վահագն Դավթյանը շատ լավ մասնակցեց: Ես հիանում եմ նրա աշխատասիրությամբ եւ կամքի ուժով: Այդ տարիքում այդքան կարողացավ անել: Շատ ուրախ եմ նրա համար:
Ես շատ ուրախ եմ, որ մենք այս արդյունքներն ունենք, հպարտ եմ իմ թիմով: Տղաներն այս տարիքում արդեն պրոֆեսիոնալ են: Չեն վախենում հույզերից, սառնասիրտ են մոտենում, հարձակվում են:
Այս հաջողություններում մեծ դեր ունեն մեր մարզիչները՝ Հայկ Նազարյանը, Արտակ Այդինյանը: Ես անչափ շնորհակալ եմ նրանց նվիրված աշխատանքի եւ այս արդյունքների համար: Մեր հաղթանակներում անգնահատելի է նաեւ Արթուր Դավթյանի դերը թիմում՝ որպես թիմի ավագ: Նա շատ է օգնում տղաներին, ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պայքարել եւ ոչ մեկից չվախենալ, ով ուզում է լինի մրցակցությունում: Այդ հոգեբանությունն Արթուրը շատ լավ է կարողանում փոխանցել տղաներին, արդյունքը՝ մեդալներն են: Այս հաղթանակներում մեծ է նաեւ մեր ֆեդերացիայի դերը: Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը եւ փոխնախագահն այս օրերին մեզ հետ Խորվաթիայում են, տղաների կողքին: Մեծ աջակցություն է դա բոլորիս համար:
Ամեն տարի տեսնում եմ ավելի լավ եւ ավելի կայուն թիմ, ինչն ինձ հպարտության զգացողություն է տալիս:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.