16:07  ,  15 ապրիլի, 2026

Համլետ Մանուկյան. Ուրախ եմ, որ աշխարհի գավաթի վերջին երկու փուլերն ինձ մոտ լավ ստացվեց

Ուրախանում եմ, երբ լսում եմ արձագանքները երկու ոսկե մեդալներ նվաճելու կապացկությամբ: Պարտավորվածություն կա, որ ավելի լավ մարզվեմ եւ մյուս մրցումներում լավ հանդես գամ, բարձր արդյունքներ գրանցեմ:

Այսպես իր հաղթանակներն աշխարհի գավաթի խաղարկության փուլերում մեկնաբանեց Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը:

18-ամյա մարմնամարզիկը վերջին օրերին երկու անգամ անընդմեջ կանգնեց աշխարհի գավաթի փուլերի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին՝ նվաճելով երկու ոսկե մեդալ:

 «Ուրախ եմ, որ վերջին երկու փուլերն ինձ մոտ լավ ստացվեց, ոսկե մեդալներ նվաճեցի: Ցավոք, Մամիկոնի մոտ մի քիչ լավ չստացվեց: Պետք է շատ աշխատենք, ավելի լավ մարզվենք, որպեսզի ավելի լավ հանդես գանք: Ուրախանում եմ, երբ լսում եմ արձագանքները երկու ոսկե մեդալ նվաճելուս կապացկությամբ: Պարտավորվածություն կա, որ ավելի լավ մարզվեմ եւ մյուս մրցումներում  լավ հանդես գամ, բարձր արդյունքներ գրանցեմ»,- ասաց Համլետ Մանուկյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը վստահ է, որ Համլետ Մանուկյանը, այդ թվում՝ Մամիկոն Խաչատրյանը դեռ մեծ նվաճումներ են ունենալու մեծ սպորտում: 

«Համլետին շատ սիրում ենք, լավ տղա է: Ժամանակը ցույց կտա, բայց վստահ եմ՝ չի փոխվի: Ինքն ասաց ուրախ է, բայց ես մրցավայրում չտեսա իր ուրախությունը 6 օրում երկու ոսկե մեդալներ նվաճելու կապակցությամբ: Ավելին՝ դժգոհ էր, լաց էր լինում Մամիկոնի համար: Ասում էր՝ պետք է երկրորդը գոնե լիներ: Սա շատ լավ է, որ այսպիսի ընկերներ են: Կոտբուսում Մամիկոնը լավ մասնակցեց, Համլետը վատ: Այնտեղ էլ Մամիկոնի ուրախությունը չտեսա: Տխրել էր Համլետի համար: Կողքից հետեւում եմ նրանց ընկերությանը եւ ուրախանում: Ինձ համար կարեւոր է, որ լավ մարդիկ մեծանան:

Այս համեստությունը, որ ունի, շատ լավ է: Բոլոր մրցակիցներին թվում է՝ համեստ է, խելոք, կգան, կհաղթեն, բայց Համլետը չի վախենում, հարձակվում է: Ներսում առյուծիկ է: Այս ամենն Արթուր Դավթյանից է գալիս: Նա թիմի ավագն է, առյուծն է, տղաները՝ առյուծիկները»,- նշեց Հակոբ Սերոբյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print