13:19  ,  17 մարտի, 2026

Հակոբ Սերոբյան. Վերադառնում ենք Հայաստան, Արթուր Ավետիսյանը կհասնի իր հարսանիքին

Մենք բարեհաջող վերադառնում ենք Հայաստան։ Ամեն ինչ լավ է,  բավականին բարդ ու երկար ճանապարհ անցանք, բայց բոլորիս ինքնազգացողությունը շատ լավ է։ Եվ, ամենակարեւորը, Արթուր Ավետիսյանը կհասնի իր ամուսնության արարողությանը։ 

Այս մասին NEWS.an Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։ 

Կատարի մայրաքաղաք Դոհայում մնացած սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն այսօր կժամանի Երեւան։ 

Հայաստանի թիմը Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ այս պահին արդեն Թբիլիսիում է եւ ցամաքային ճանապարհով շուտով կհատի Հայաստանի սահմանը։

«Մեզ մոտ ամեն ինչ լավ է, բարեհաջող դուրս եկանք Դոհայից եւ արդեն ճանապարհին ենք դեպի Հայաստան։ Ինչպես արդեն ասել էի, Դոհայում թռիչքներ չկային, կամ լինում էին եւ անմիջապես չեղարկվում։ Կատարում Հայաստանի դեսպանատան հետ քննարկումների արդյունքում  որոշեցինք Սաուդյան Արաբիայով վերադառնալ հայրենիք։ Դեսպանատունը կազմակերպեց, բոլորիս տրամադրեցին Սաուդյան Արաբիայի վիզաներ, 9 ժամ ավտոմեքենայով ուղեւորվեցինք Էր Ռիյադ, այնտեղից շատ հաջող տոմսեր կարողացանք ձեռք բերել դեպի Ստամբուլ, որտեղից էլ մենեցինք Թբիլիսի։ Այժմ ավտոմեքենաներով ուղեւորվում ենք Հայաստան եւ մոտ 30 րոպեից կհատենք սահմանը։ Շատ ուրախ եմ, որ Արթուր Ավետիսյանը կհասնի իր հարսանիքին, որը տեղի է ունենալու մարտի 20-ին»,- ասաց Հակոբ Սերոբյանը։ 

Հիշեցնենք, որ տարածաշրջանում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակի պատճառով Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը չէր կարողանում վերադառնալ Կատարի մայրաքաղաք Դոհայից, որի պատճառով բաց թողեց Անթալիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը: 

Թիմը Դոհա էր մեկնել փետրվարի 23-ին, տարածաշրջանում լարվածությունը սկսել է փետրվարի 28-ից: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News