18:26  +04,  14 դեկտեմբերի, 2012

Արայիկ Բաղդադյան. Ռուսլան Բասիեւից սպասելիքներ այլեւս չկան

Ռուսլան Բասիեւից սպասելիքներ այլեւս չունենք, այդ պատճառով նրան հրաժեշտ ենք տալիս։ Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը։

Այս օրերին ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկները նախապատրատվում են դեկտեմբերի 20-22-ը Երեւանի «Միկա» մարզահամալիրում կայանալիք Հայաստանի առաջնությանը։

Առաջնությանը չեն մասնակցելու հավաքականի լեգեոնականներ, 120 կգ քաշային  Ռուսլան Բասիեւը եւ 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը։

Ռուսլան Բասիեւը լքում է Հայաստանի հավաքականը։

«Ռուսլանն արդեն 34 տարեկան է դառնում։ Նրանից սպասելիքներ այլեւս չկան եւ հույս էլ չկա, որ նա կարող է  մեդալներ նվաճել։ Ճիշտ է, նա մեր երկրի քաղաքացի է, եւ նրա քաշային կարգը բարդ համալրվող է, բայց քանի որ նրա հնարավորությունները նվազել են, անիմաստ է շարունակել։ 120 կգ քաշային կարգում չունենք բարձրակարգ ըմբիշներ, որոնց հետ մրցակցությունը կբարձրացներ նրա որակավորումը։ Այդ պատճառով նա միջազգային ասպարեզում արդեն զիջում է իր դիրքերը։ Բազմաթիվ խնդիրներ կան նրա հետ կապված՝ ծախսերի, ֆինանսների հետ։ Սպասելիքներ, արդյունքներ չունենք նրանից։  Եվ հետո նա Հայաստանի հավաքականի կազմում իրեն անհաջող  դրսեւորեց՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճեց»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Անդրադառնալով Հաջիմուրադ Նուրմագոմեդովին՝ հավաքականի գլխավոր մարզիչը նշեց.

«Նրա հետ կապը կա։ Նա այժմ իր հայրենիքում է՝ Դաղստանում։ Նա շարունակում է իր մարզումները եւ շարունակում է Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալ, միայն թե Հայաստանի առաջնությանը չի մասնակցի, քանի որ վնասվածք ունի։ Նա այդ մասին ինձ տեղեկացրել է, ինչը նշանակում է, որ նա նաեւ իրավունք չի ունենա մասնակցել մարտին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Երբ կապաքինվի՝ նա կշարունակի մասնակցել միջազգային մրցաշարերին»։

Արայիկ Բաղդադյանը նաեւ տեղեկացրեց, որ հնարավոր է՝ հավաքականը համալրվի Վրաստանում ապրող 66 կգ քաշայն հայ ըմբիշով։

«Այսօր նրա առաջին մարզումն է հավաքականի հետ։ Դեռեւս ծանոթ չեմ նրա հնարավորություններին։ Տեսնենք՝ ինչպես իրեն կդրսեւորի։ Նա հայ է, Հայաստանի քաղաքացի է, ունի հայկական անձնագիր եւ եթե մարդը կամավոր դիմել եւ ցանկություն է հայտնել դառնալ հավաքականի անդամ, ինչո՞ւ նրան փորձելու հնարավորություն չտալ։ Հայաստանի առաջնությունում կտեսնենք, թե նա ինչ է կարողանում անել»։

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ