Ադրբեջանը մասնակցության հայտ չի ներկայացրել: Թուրքիան կմասնակցի Եվրոպայի առաջնությանը եւ արդեն 73-հոգանոց պատվիրակությունով Երեւանում է:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կարատեի Հայաստանի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:
Մայիսի 7-11-ը Երեւանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը, որին կմասնակցի 54 երկրի շուրջ 1000 մարզիկ: Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը հայտավորվել է նաեւ Թուրքիայի թիմը, որի պատվիրակությունն արդեն Երեւանում է: Ադրբեջանը մասնակցության հայտ չի ներկայացրել, չնայած Հայաստանի ֆեդերացիան համաձայնել էր ապահովել ադրբեջանցիների անվտանգությունը:
«Եվրոպայի առաջնությանը մասնակցում է շուրջ 1000 մարզիկ: Սա աննախադեպ մասնակիցներով մարզական իրադարձություն է հայկական սպորտի համար: Այսպիսի մեծ մարզական իրադարձությունները նպաստում են սպորտի մասսայականացմանը, այս պարագայում՝ կարատեի: Սա մի ճանապարհը, որն արդեն լինելու է շարունակական. ձգտելու ենք մշտապես Հայաստան բերել նման կարգի միջազգային մրցաշարեր:
Մեր հավաքականից մեծ ակնկալիքներ ունենք: Կարծում եմ՝ կունենանք բավականին լավ արդյունքներ: Մեր թիմը շուրջ երկու տարի է պատրաստվել այս առաջնությանը, երբ դեռ չէր հաստատվել, որ Հայաստանում է անցկացվելու: Հավաքականը գլխավոր մարզիչի ղեկավարությամբ մի քանի մարզումային փուլ են անցել, մրցաշարերի մասնակցել, որոնք եղել են ստուգողական Եվրոպայի առաջնության համար: Ունենք համալրումներ մարզագույքում, նախարարության աջակցությամբ նոր տատամիներ ենք գնել:
Ինչ վերաբերում է հարեւան երկրների մասնակցությանը, նշեմ, որ Թուրքիայի թիմն արդեն այստեղ է: Կոնգրեսի ժամանակ Եվրոպայի ֆեդերացիայի կողմից ինձ հարց ուղղվեց՝ կարո՞ղ ենք ապահովել Ադրբեջանի թիմի անվտանգությունը: Ես պատասխանել եմ, որ պատրաստ ենք, բայց նրանց կողմից մասնակցության հայտ չի ներկայացվել: Հայտ ներկայացրել է միայն Թուրքիայի թիմը, որը 73-հոգանոց պատվիրակությամբ արդեն ժամանել է Երեւան»,- ասաց Վազգեն Հարությունյանը:
Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավուր Չիպեկն իր խոսքում Հայաստանը շփոթեց Ադրբեջանի հետ: Վազգեն Հարությունյանն անմիջապես փրկեց դրությունը:
«Վստահ եմ, որ առաջիկա օրերը մարզական տոն կդառնան բոլորի համար: Այս իրադարձությունը շատ կարեւոր է Եվրոպական ֆեդերացիայի ընտանիքի համար: Ուրախ եմ, որ Հայաստանի ֆեդերացիայի նախագահն իր թիմով որոշեց կազմակերպել եւ անցկացնել 60-րդ առաջնությունը: Այս առաջնությունն ընդգրկված է կարատեի թոփ մրցաշարերի կազմում եւ վարկանիշային է 2025 թ. աշխարհի անհատական առաջնության համար, որն անցկացվելու է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Հայաստանում աշխարհի առաջնության մասնակցության իրավունքի համար կպայքարեն 500-ից ավել բարձրակարգ կարատեիստներ:
Առաջիկա օրերը շատ բուռն են լինելու Երեւանում: Ես երկրորդ անգամ եմ այստեղ: Առաջին անգամ եղել եմ անցած տարի տեսչական այցի շրջանակներում, շրջել եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ էլ անցկացվելու են մրցումները:
Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ «Ադրբեջանի» կարատեի ֆեդերացիան շատ բարձր մակարդակով է մեզ ընդունել այստեղ»,- իր խոսքում ասաց Դավուր Չիբեկը: Վազգեն Հարությունյանն անմիջապես ուղղեց բանախոսին: Եվրոպայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ներողություն խնդրեց շփոթմունքի համար. «Ուղղակի լեզվիս վրա էր «Ադրբեջանը», բայց, իհարկե, նկատի ունեմ Հայաստանը։ Ուրախ եմ, որ 60-րդ Եվրոպական առաջնությունը նշելու ենք հենց Հայաստանում՝ ամենալավ ձեւով»,- խոսքն ամփոփեց Դավուր Չիպեկը։
Կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին 18:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:19 , 24 նոյեմբերի
23:44 , 23 նոյեմբերի
22:44 , 23 նոյեմբերի
22:04 , 23 նոյեմբերի
21:01 , 23 նոյեմբերի
20:11 , 23 նոյեմբերի
19:10 , 23 նոյեմբերի
18:02 , 23 նոյեմբերի
17:41 , 23 նոյեմբերի
17:05 , 23 նոյեմբերի