Վազգեն Հարությունյան. Հայաստանի ֆեդերացիան համաձայնել էր ապահովել ադրբեջանցիների անվտանգությունը

16:52   6 մայիսի, 2025

Ադրբեջանը մասնակցության հայտ չի ներկայացրել: Թուրքիան կմասնակցի Եվրոպայի առաջնությանը եւ արդեն 73-հոգանոց պատվիրակությունով Երեւանում է:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կարատեի Հայաստանի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:

Մայիսի 7-11-ը Երեւանում  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը, որին կմասնակցի 54 երկրի շուրջ 1000 մարզիկ: Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը հայտավորվել է նաեւ Թուրքիայի թիմը, որի պատվիրակությունն արդեն Երեւանում է: Ադրբեջանը մասնակցության հայտ չի ներկայացրել, չնայած Հայաստանի ֆեդերացիան համաձայնել էր ապահովել ադրբեջանցիների անվտանգությունը:

«Եվրոպայի առաջնությանը մասնակցում է շուրջ 1000 մարզիկ: Սա աննախադեպ մասնակիցներով մարզական իրադարձություն է հայկական սպորտի համար: Այսպիսի մեծ մարզական իրադարձությունները նպաստում են սպորտի մասսայականացմանը, այս պարագայում՝  կարատեի: Սա մի ճանապարհը, որն արդեն լինելու է շարունակական. ձգտելու ենք մշտապես Հայաստան բերել նման կարգի միջազգային մրցաշարեր:

Մեր հավաքականից մեծ ակնկալիքներ ունենք: Կարծում եմ՝ կունենանք բավականին լավ արդյունքներ: Մեր թիմը շուրջ երկու տարի է պատրաստվել այս առաջնությանը, երբ դեռ չէր հաստատվել, որ Հայաստանում է անցկացվելու: Հավաքականը գլխավոր մարզիչի ղեկավարությամբ մի քանի մարզումային փուլ են անցել, մրցաշարերի մասնակցել, որոնք եղել են ստուգողական Եվրոպայի առաջնության համար: Ունենք համալրումներ մարզագույքում, նախարարության աջակցությամբ նոր տատամիներ ենք գնել:

Ինչ վերաբերում է հարեւան երկրների մասնակցությանը, նշեմ, որ Թուրքիայի թիմն արդեն այստեղ է: Կոնգրեսի ժամանակ Եվրոպայի ֆեդերացիայի կողմից ինձ հարց ուղղվեց՝ կարո՞ղ ենք ապահովել Ադրբեջանի թիմի անվտանգությունը: Ես պատասխանել եմ, որ պատրաստ ենք, բայց նրանց կողմից մասնակցության հայտ չի ներկայացվել: Հայտ ներկայացրել է միայն Թուրքիայի թիմը, որը 73-հոգանոց պատվիրակությամբ արդեն ժամանել է Երեւան»,- ասաց Վազգեն Հարությունյանը:

Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավուր Չիպեկն իր խոսքում Հայաստանը շփոթեց Ադրբեջանի հետ: Վազգեն Հարությունյանն անմիջապես փրկեց դրությունը:

«Վստահ եմ, որ առաջիկա օրերը մարզական տոն կդառնան բոլորի համար: Այս իրադարձությունը շատ կարեւոր է Եվրոպական ֆեդերացիայի ընտանիքի համար: Ուրախ եմ, որ Հայաստանի ֆեդերացիայի նախագահն իր թիմով որոշեց կազմակերպել եւ անցկացնել 60-րդ առաջնությունը: Այս առաջնությունն ընդգրկված է կարատեի թոփ մրցաշարերի կազմում եւ վարկանիշային է 2025 թ. աշխարհի անհատական առաջնության համար, որն անցկացվելու է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Հայաստանում աշխարհի առաջնության մասնակցության իրավունքի համար կպայքարեն 500-ից ավել բարձրակարգ կարատեիստներ:

Առաջիկա օրերը շատ բուռն են լինելու Երեւանում: Ես երկրորդ անգամ եմ այստեղ: Առաջին անգամ եղել եմ անցած տարի տեսչական այցի շրջանակներում, շրջել եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ էլ անցկացվելու են մրցումները:

Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ «Ադրբեջանի» կարատեի ֆեդերացիան շատ բարձր մակարդակով է մեզ ընդունել այստեղ»,- իր խոսքում ասաց Դավուր Չիբեկը: Վազգեն Հարությունյանն անմիջապես ուղղեց բանախոսին: Եվրոպայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը ներողություն խնդրեց շփոթմունքի համար. «Ուղղակի լեզվիս վրա էր «Ադրբեջանը», բայց, իհարկե, նկատի ունեմ Հայաստանը։ Ուրախ եմ, որ 60-րդ Եվրոպական առաջնությունը նշելու ենք հենց Հայաստանում՝ ամենալավ ձեւով»,- խոսքն ամփոփեց Դավուր Չիպեկը։

Կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին 18:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.