Երբ Էլինան ասաց, որ ցանկանում է ներկայացնել Հայաստանը, մեծ ուրախությամբ ընդունեցինք: Չենք կարող բառերով ասել, թե ինչ է մեզ համար այս ամենը: Հպարտանում ենք Էլինայով:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էլինա Ավանեսյանի մայրը՝ Նարինեն։
Հայաստանի ներկայացուցիչ, Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 49-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը սեպտեմբերին 17-ին երկրորդ մարզումն անցկացրեց Երեւանի Վահագնի թաղամասում, որին հետեւում էին թենիսիտուհու հայրը եւ մայրը:
22-ամյա Էլինային թենիսի տանելու նախաձեռնությունը մայրիկինն է՝ տիկին Նարինեինը:
«Էինան 6 տարեկանից է զբաղվում թենիսով: Մենք արդեն հաստատվել էինք Ռուսաստանի Պյատիգորս քաղաքում: Ավագ որդիս հաճախում էր թենիսի: Նա սիրողական էր զբաղվում: Քանի որ Էլինան փոքր էր, միշտ ինձ հետ էր լինում, միասին տղայիս տանում էինք թենիսի մարզումների: Մի օր ասացի՝ կուզե՞ս դու էլ թենիս խաղաս, ասաց՝ այո: Այդպես նա մտավ կորտ եւ այդ օրվանից կորտից դուրս չեկավ: Սիրեց, սիրահարվեց այս մարզաձեւին: Նա մանկուց ցանկացել է լինել, ինչպես Մարիա Շարապովան ու վստահ քայլերով գնում է դեպի դրան:
Երբ փոքր էր, պարտությունները շատ ծանր էր տանում, լալիս էր: Հիմա ավելի հանգիստ է մոտենում պարտություններին: Նա գիտի, որ եթե պարտություններ է լինում, ուրեմն հաղթանակը կգա:
Շատ հպարտ եմ, որ իմ աղջիկը աշխարհի 50 լավագույնների մեջ է: Մշտապես հպարտացել եմ նրանով, նրա կամքի ուժով»,- ասաց Էլինայի մայրը՝ տիկին Նարինեն:
Թենիսիտուհու հայրը՝ Արարատ Ավանեսյանը նշում է, որ անչափ ուրախ է դստեր՝ թենիսով պրոֆեսիոնալ զբաղվելու որոշմամբ:
«Որպես հայր ես նույնպես մեծ հպարտություն եմ ապրում Էլինայի այս հաջողություններով թենիսում, լավագույն 50-ի մեջ ընդգրկվելով: Այսօր նա արդեն 49-րդն է եւ ինձ համար շատ մեծ պատիվ է: Իրականում՝ սկզբում դեմ էի, որ նա զբաղվեր թենիսով, քանի որ հասկանում էի՝ դժվար է լինելու: Այժմ արդեն ափսոսում եմ, որ այդպես էի մտածում:
Սիրով հետեւում եմ նրա մարզական կարիերային, փորձում եմ աջակցել, լինել նրա մրցումներին: Ոչ բոլորին եմ կարողանում ներկա գտնվել, բայց հնարավորինս փորձում ենք նրա կողքին լինել: Օրինակ՝ վերջին անգամ հունիսին ներկա էի «Ռոլան Գարոսի» մրցաշարին, այնտեղ հանդիպեցինք»,-նշեց Արարատ Ավանեսյանը:
«Ես մշտապես նրան ուղեկցել եմ մրցաշարերին, բայց 14-15 տարեկանից արդեն միայնակ էր գնում: Հիմա փորձում եմ հնարավորինս շատ մրցաշարերի ներկա լինել: Երբեմն այնպես է ստացվում, որ ամուսնուս ասում եմ՝ ես գնացի (ծիծաղում է):
Այն արդյունքներին, որին հասել է Էլինան եւ դեռ ձգտում է գրանցել, նրա մեծ ու քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Մենք կողքից նրան միայն գոտեպնդում ենք: Նա գիտի, որ մենք իրեն հավատում ենք եւ ցանկացած պարագայում սպասում ենք՝ լինի հաղթանակ, թե պարտություն: Նա մեծ ձգտում ունի եւ ամեն ինչ անում է իր առջեւ դրված նպատակներին հասնելու համար: Հիասթափություններ նույնպես եղել են, եղել է, որ հոգնել է, բայց օրեր անց ինքն իրեն հավաքում է եւ վերադառնում կորտ»,- մանրասնեց տիկին Նարինեն:
Թենիսիտուհու ծնողների խոսքով, մեծ հպարտություն է, որ իրենց դուստրը ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:
«Երբ Էլինան ասաց, որ ցանկանում է ներկայացնել Հայաստանը, մեծ ուրախությամբ ընդունեցինք: Քննարկեցինք, հետո փոխեցինք մարզական քաղաքացիությունը»,- ասաց Էլինայի մայրը: Հայրն էլ հավելեց. «Չեմ կարող բառերով ասել, թե ինչ է ինձ համար այս քայլը: Անչափ ուրախ եմ, որ նա այս որոշումը կայացրեց եւ այսուհետեւ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո»,- ամփոփեց Էլինայի հայրը:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:49 , 3 նոյեմբերի 
00:26 , 3 նոյեմբերի
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի
20:15 , 2 նոյեմբերի
19:08 , 2 նոյեմբերի
18:04 , 2 նոյեմբերի
17:07 , 2 նոյեմբերի
16:16 , 2 նոյեմբերի