Էլինա Ավանեսյանի հայրն ու մայրը՝ դստեր մարզական կարիերայի եւ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

10:11   18 սեպտեմբերի, 2024

Երբ Էլինան ասաց, որ ցանկանում է ներկայացնել Հայաստանը, մեծ ուրախությամբ ընդունեցինք: Չենք կարող բառերով ասել, թե ինչ է մեզ համար այս ամենը: Հպարտանում ենք Էլինայով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էլինա Ավանեսյանի մայրը՝ Նարինեն։

Հայաստանի ներկայացուցիչ, Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 49-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը սեպտեմբերին 17-ին երկրորդ մարզումն անցկացրեց Երեւանի Վահագնի թաղամասում, որին հետեւում էին թենիսիտուհու հայրը եւ մայրը:

22-ամյա Էլինային թենիսի տանելու նախաձեռնությունը մայրիկինն է՝ տիկին Նարինեինը:

«Էինան 6 տարեկանից է զբաղվում թենիսով: Մենք արդեն հաստատվել էինք Ռուսաստանի Պյատիգորս քաղաքում: Ավագ որդիս հաճախում էր թենիսի: Նա սիրողական էր զբաղվում: Քանի որ Էլինան փոքր էր, միշտ ինձ հետ էր լինում, միասին տղայիս տանում էինք թենիսի մարզումների: Մի օր ասացի՝ կուզե՞ս դու էլ թենիս խաղաս, ասաց՝ այո: Այդպես նա մտավ կորտ եւ այդ օրվանից կորտից դուրս չեկավ: Սիրեց, սիրահարվեց այս մարզաձեւին: Նա մանկուց ցանկացել է լինել, ինչպես Մարիա Շարապովան ու վստահ քայլերով գնում է դեպի դրան:

Երբ փոքր էր, պարտությունները շատ ծանր էր տանում, լալիս էր: Հիմա ավելի հանգիստ է մոտենում պարտություններին: Նա գիտի, որ եթե պարտություններ է լինում, ուրեմն հաղթանակը կգա:

Շատ հպարտ եմ, որ իմ աղջիկը աշխարհի 50 լավագույնների մեջ է: Մշտապես հպարտացել եմ նրանով, նրա կամքի ուժով»,- ասաց Էլինայի մայրը՝ տիկին Նարինեն:

Թենիսիտուհու հայրը՝ Արարատ Ավանեսյանը նշում է, որ անչափ ուրախ է դստեր՝ թենիսով պրոֆեսիոնալ զբաղվելու որոշմամբ: 

«Որպես հայր ես նույնպես մեծ հպարտություն եմ ապրում Էլինայի այս հաջողություններով թենիսում, լավագույն 50-ի մեջ ընդգրկվելով: Այսօր նա արդեն 49-րդն է եւ ինձ համար շատ մեծ պատիվ է: Իրականում՝ սկզբում դեմ էի, որ նա զբաղվեր թենիսով, քանի որ հասկանում էի՝ դժվար է լինելու: Այժմ արդեն ափսոսում եմ, որ այդպես էի մտածում:

Սիրով հետեւում եմ նրա մարզական կարիերային, փորձում եմ աջակցել, լինել նրա մրցումներին: Ոչ բոլորին եմ կարողանում ներկա գտնվել, բայց հնարավորինս փորձում ենք նրա կողքին լինել: Օրինակ՝ վերջին անգամ հունիսին ներկա էի «Ռոլան Գարոսի» մրցաշարին, այնտեղ հանդիպեցինք»,-նշեց Արարատ Ավանեսյանը:

«Ես մշտապես նրան ուղեկցել եմ մրցաշարերին, բայց 14-15 տարեկանից արդեն միայնակ էր գնում: Հիմա փորձում եմ հնարավորինս շատ մրցաշարերի ներկա լինել: Երբեմն այնպես է ստացվում, որ ամուսնուս ասում եմ՝ ես գնացի (ծիծաղում է):

Այն արդյունքներին, որին հասել է Էլինան եւ դեռ ձգտում է գրանցել, նրա մեծ ու քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Մենք կողքից նրան միայն գոտեպնդում ենք: Նա գիտի, որ մենք իրեն հավատում ենք եւ ցանկացած պարագայում սպասում ենք՝ լինի հաղթանակ, թե պարտություն: Նա մեծ ձգտում ունի եւ ամեն ինչ անում է իր առջեւ դրված նպատակներին հասնելու համար: Հիասթափություններ նույնպես եղել են, եղել է, որ հոգնել է, բայց օրեր անց ինքն իրեն հավաքում է եւ վերադառնում կորտ»,- մանրասնեց տիկին Նարինեն:

Թենիսիտուհու ծնողների խոսքով, մեծ հպարտություն է, որ իրենց դուստրը ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

«Երբ Էլինան ասաց, որ ցանկանում է ներկայացնել Հայաստանը, մեծ ուրախությամբ ընդունեցինք: Քննարկեցինք, հետո փոխեցինք  մարզական քաղաքացիությունը»,- ասաց Էլինայի մայրը: Հայրն էլ հավելեց. «Չեմ կարող բառերով ասել, թե ինչ է ինձ համար այս քայլը: Անչափ ուրախ եմ, որ նա այս որոշումը կայացրեց եւ այսուհետեւ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո»,- ամփոփեց Էլինայի հայրը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.