Այս անգամ ավելի հանգիստ ենք մեկնում Օլիմպիական խաղեր: Արթուրն ավելի փորձառու է, ես էլ նրան հավատում եմ։
Այս մասին NEWS. am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոցում» ասաց հուհռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի հայր Գեւորգ Ալեքսանյանը։
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը օգոստոսի 3-ին մեկնեցին Փարիզ:
Հայ օլիմպիականներին Փարիզ ուղեկցեցին հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը եւ Գեւորգ Ալեքսանյանը։
«Բոլորիս տրամադրությունը բարձր է, մարտական։ Մեծ աշխատանք է կատարվել։ Փորձելու ենք հնարավորինս ամեն ինչ անել, ինչի պատրաստ է Արթուրը։ Նույնը կասեմ նաեւ Մալխասի եւ Սլավիկի մասին։ Փորձելու ենք լավ հանդես գալ։ Լոնդոն-2012-ից մինչեւ Փարիզ-2024 Արթուրն ահռելի փորձ է ձեռք բերել։
Ավելի փորձառու է, ես էլ նրան հավատում եմ։ Պատրաստ է լավ գոտեմարտելու եւ մրցակցելու»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը։
Արթուր Ալեքսանյանի հետ Փարիզ մեկնեց նաեւ մայրը։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական չեմպիոնի մայրը նշեց, որ մրցավայր չի գնալու, որդու գոտեմարտերին չի հետեւելու, մարզադահլիճում ներկա չի գտնվելու, քանի որ չի կարողանում հետեւել գոտեմարտերին։ Ցանկանում է միայն մոտ լինել, հոգեպես որդուն գոտեպնդել:
Մալխաս Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը Փարիզ մեկնեցին Երեւան - Փարիզ ուղիղ չվերթով 10:50-ին։
«Զվարթնոցի» մեկնման սրահում հավաքված երկրպագուները օլիմպիականներին ծափերով ճանապարհեցին Փարիզ։
Հունահռոմեականներից Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը Փարիզ կմեկնի օգոստոսի 4-ին՝ մարզիչ Սամվել Գեւորգյանի ուղեկցությամբ:
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97կգ):
Հունահռոմեական ոճի ըմբիշները Փարիզ-2024-ում պայքարը կսկսեն օգոստոսի 6-ին: Այդ օրը մրցագորգ դուրս կգան Մալխաս Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը: Օգոստոսի 7-ին պայքարի մեջ կմտնի Սլավիկ Գալստյանը: Բոլոր օլիմպիականները պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչներից:
15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից մրցելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի
17:09 , 11 սեպտեմբերի 
16:30 , 11 սեպտեմբերի
15:50 , 11 սեպտեմբերի
14:56 , 11 սեպտեմբերի
14:03 , 11 սեպտեմբերի
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի