Գեւորգ Ալեքսանյան․ Բոլորիս տրամադրությունը բարձր է, մարտական (ֆոտո, վիդեո)

14:05   3 օգոստոսի, 2024

Այս անգամ ավելի հանգիստ ենք մեկնում Օլիմպիական խաղեր: Արթուրն ավելի փորձառու է, ես էլ նրան հավատում եմ։

Այս մասին NEWS. am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոցում» ասաց հուհռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի հայր Գեւորգ Ալեքսանյանը։

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը օգոստոսի 3-ին մեկնեցին Փարիզ:

Հայ օլիմպիականներին Փարիզ ուղեկցեցին հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը եւ Գեւորգ Ալեքսանյանը։

«Բոլորիս տրամադրությունը բարձր է, մարտական։ Մեծ աշխատանք է կատարվել։ Փորձելու ենք հնարավորինս ամեն ինչ անել, ինչի պատրաստ է Արթուրը։ Նույնը կասեմ նաեւ Մալխասի եւ Սլավիկի մասին։  Փորձելու ենք լավ հանդես գալ։ Լոնդոն-2012-ից մինչեւ Փարիզ-2024 Արթուրն ահռելի փորձ է ձեռք բերել։

Ավելի փորձառու է, ես էլ նրան հավատում եմ։ Պատրաստ է լավ գոտեմարտելու եւ մրցակցելու»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը։

Արթուր Ալեքսանյանի հետ Փարիզ մեկնեց նաեւ մայրը։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական չեմպիոնի մայրը նշեց, որ մրցավայր չի գնալու, որդու գոտեմարտերին չի հետեւելու, մարզադահլիճում ներկա չի գտնվելու, քանի որ չի կարողանում հետեւել գոտեմարտերին։ Ցանկանում է միայն մոտ լինել, հոգեպես որդուն գոտեպնդել:

Մալխաս Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը Փարիզ մեկնեցին Երեւան - Փարիզ ուղիղ չվերթով 10:50-ին։

«Զվարթնոցի» մեկնման սրահում հավաքված երկրպագուները օլիմպիականներին ծափերով ճանապարհեցին Փարիզ։

Հունահռոմեականներից Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը Փարիզ  կմեկնի օգոստոսի 4-ին՝ մարզիչ Սամվել Գեւորգյանի ուղեկցությամբ:

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97կգ):

Հունահռոմեական ոճի ըմբիշները Փարիզ-2024-ում պայքարը կսկսեն օգոստոսի 6-ին: Այդ օրը մրցագորգ դուրս կգան Մալխաս Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը: Օգոստոսի 7-ին պայքարի մեջ կմտնի Սլավիկ Գալստյանը: Բոլոր օլիմպիականները պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչներից:

15 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից մրցելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.