16:06  ,  24 մայիսի, 2024

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Գուրգեն Մադոյանը մեկնարկեց հաղթանակով

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող Փարիզ-2024-ի բռնցքամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը մեկնարկում մենամարտեց Հունաստանի ներկայացուցիչ Խրիստոս Կարատիսի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Մայիսի 24-ին պայքարը կսկսի նաեւ 57 կգ քաշային, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը։ Նա կմեկնարկի որակավորման փուլից (1/32), որտեղ կմրցի Մարոկկոն ներկայացնող Իմադ Ազուլի հետ: 

Հայաստանը վարկանիշային մրցաշարին մասնակցում է 10 բռնցքամարտիկով՝ 7 տղամարդ, 3 կին: Հայ բռնցքամարտիկները դեռեւս չունեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ վերջին վարկանիշային մրցաշարին մասնակցում են Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ),

կանանցից՝ Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ ) եւ Անի Հովսեփյանը (66 կգ):

Մայիսի 25-ին ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (51 կգ)  եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ):

80 կգ քաշային, Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանի մրցակիցը որակավորման փուլում Վենեսուելայի ներկայացուցիչ Դիեգո Պերեիրան է: Հովհաննիսյանը ռինգ դուրս կգա ցերեկային մրցահերթում:

Եվրոպայի փոխչեմպիոն, 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը որակավորման փուլում   կմենամարտի Թունիսի ներկայացուցիչ Էդին Ալա Զիդինի հետ: Հարությունյանի մասնակցությամբ մենամարտը տեղի կունենա երեկոյան մրցահերթում:

Մայիսի 26-ին պայքարի մեջ կմտնի 63,5 կգ քաշայի Նարեկ Հովհաննիսյանը, որը որակավորման փուլում ուժերը կչափի թուրք Միզան Այկոլի հետ: Հովհաննիսյանը պայքարում կլինի ցերեկային մրցահերթում:

Մայիսի 28-ին օլիմպիական ուղեգրերի համար պայքարը կսկսի կանանց Հայաստանի հավաքականը: Առաջինը ռինգ դուրս կգա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Եկատերինա Սիչեւան: Մեկնարկային 1/16 եզրափակիչում Սիչեւայի մրցակիցը կլինի Շվեդիայի ներկայացուցիչ Սառա Սվինսոնը:

Մայիսի 29-ին Կարեն Աղամալյանի գլխավորած թիմից ռինգում կլինեն Դավիթ Չալոյանը (+92 կգ) եւ Անի Հովսեփյանը (66 կգ):

Մեկնարկային 1/16 եզրափակիչում Չալոյանը ուժերը կչափի Բահրեյնը ներկայացնող Դենիս Լատիպովի հետ: Չալոյանը ռինգ դուրս կգա ցերեկային մրցահերթում:

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը, որը կմեկնարկի 1/16 եզրափակիչից: Մրցակիցը Նիգերիայի ներկայացուցիչ Բլեսինգ Օրայկվեն է: 

Մայիսի 30-ին ցերեկային մրցահերթում պայքարը կսկսի Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ): Մեկնարկային 1/16-րդ եզրափակիչում Մանասյանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Բոբան Իլիոսկինի հետ:

Մայիսի 31-ին ռինգ դուրս կգա Անուշ Գրիգորյանը (50 կգ): Մեկնարկային 1/16 եզրափակիչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը կլինի Իռլանդիայի ներկայացուցիչ Դանիա Մուրհաուսը: Գրիգորյանը կմասնակցի ցերեկային մրցահերթում:

Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կկավարտվի հունիսի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում