09:45  ,  20 նոյեմբերի, 2012

Արթուր Աբրահամ. Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելը դժվար է՝ բոլորը կատաղած ընկնում են քո հետեւից

«Ես ծանոթ եմ Բուադլայի հնարքներին, նրա հնարավորություններին: Նա վտանգավոր մրցակից է, բայց մենամարտից ակնկալում եմ միայն ու միայն հաղթանակ»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում աշխարհի գործող չեմպիոնը կպաշտպանի տիտղոսը ֆրանսիացի Մեհդի Բուադլայի հետ մենամարտում:

Արթուր, ինչպե՞ս է նախամենամարտային տրամադրությունդ:

Տրամադրությունս հիանալի է, ինչպես նշեցիր` նախամենամարտային եւ մարտական: Ամբողջ օրը մարզվում եմ հագեցած գրաֆիկով: Ոչնչով առավել կամ պակաս չի այս մենամարտիս նախապատրաստվելու շրջանն ու մարզումները նախորդ` Շտիգլիցի հետ մենամարտից: Քանի որ ինչպես նախորդ, այնպես էլ այս եւ իմ բոլոր մենամարտերն ինձ համար շատ կարեւոր են:

Անհանգստանո՞ւմ ես այս մենամարտի համար:

Ես միշտ անհանգստություն ունեմ իմ ամեն մենամարտից առաջ: Չի կարելի հանգիստ լինել եւ որպես մարզիկ իրավունք էլ չունես հանգիստ լինել: Ամեն մրցակից էլ շատ վտանգավոր է եւ կարող է ինչ-որ վնաս հասցնել քեզ, կամ չեմպիոնի տիտղոսդ խլել քո ձեռքից:

Շտիգլիցի հետ մենամարտից հետո դու ցանկություն էիր հայտնել մենամարտել Ֆելիքս Շտուրմ (Գերմանիա) - Դենիել Գիլ (Ավստրալիա) մարտի հաղթողի հետ:

Այո, ես նման ցանկություն հայտնել եմ: Այդ մենամարտը կլինի, բայց ոչ հիմա: Նույն կերպ ցանկություն եմ հայտնել մենամարտել նաեւ դանիացի Միկել Կեսլերի հետ: Դա եւս կլինի, բայց հետագայում: Այդ մենամարտերը իմ երկրպագուները կտեսնեն, բայց որոշ ժամանակ անց: Այդ մենամարտերը անցկացնելու համար ժամանակ է հարկավոր, մեծ կազմակերպչական աշխատանք, համաձայնեցում այդ բռնցքամարտիկների պրոմոուտերների հետ:

Արթուր, քո մրցակցին դո՞ւ ես ընտրում, թե՞ քո պրոմոուտերը:

Ես միայն ցանկություն եմ հայտնում, բայց իմ մրցակիցներին ընտրում է իմ պրոմոուտերը: Նա ուսումնասիրում է մրցակիցներին, համաձայնեցնում է նրանց պրոմոուտերների հետ եւ կազմակերպում մենամարտը:

Քիչ ժամանակ է մնացել մենամարտիդ: Ի՞նչ մարզավիճակում ես եւ ինչպե՞ս կգնահատես քո հնարավորությունները:

Շատ լավ մարզավիճակում եմ գտնվում: Իմ ամենօրյա մարզումները ինձ պահում են լավ մարզավիճակում: Եթե գնահատեմ իմ մարզավիճակը, ապա հինգ բալ կտամ, քանի որ դրա համար ես չեմ խնայում ոչինչ: Իմ ամբողջ ժամանակն անցնում է մարզումներիս վրա, իսկ օրվա ընթացքում մի քանի րոպեները, որոնց ընթացքում փորձում եմ հանգստանալ, տրամարդում եմ լրագրողներին եւ ֆոտոլրագրողներին:

Մեր նախորդ զրույցում դու կարեւորեցիր մարզիկի հոգեբանական տրամադրվածությունը եւ մրցահարթակ դուրս գալուն հոգեբանորեն պատրաստ լինելը: Դու հոգեբանորեն պատրա՞ստ ես ռինգ դուրս գալ:

Բացի այն, որ ես կարեւորում եմ հոգեբանական տրամադրվածությունը, այլեւ առաջին տեղում եմ դասում այն: Ես ինքս ինձ սկզբից նախ հոգեբանորեն եմ պատրաստում մենամարտի, հետո նոր ֆիզիկական պատրաստվածությամբ զնաղվում: Սա ճիշտ մոտեցում է:

Իսկ ինչպես ես քեզ հոգեբանորեն տրամադրում մենամարտի, կա որեւէ զբաղմունք կամ մեթոդ, որով առաջնորդվում ես:

Որեւէ մեթոդ չեմ կիրառում ինքս ինձ հոգեբանորեն մենամարտին տրամադրելու եւ նախապատրաստելու համար: Դա ստացվում է ինքնաբերաբար ամեն գիշեր, քնելիս տրամադրվում եմ:

Դու հարցազրույցներիցդ մեկում նշել ես, որ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո քո կյանքում միայն փոխվել է այն, որ այժմ ավելի հանգիստ ես քնում: Այդպե՞ս է:

Այո, հոգեպես ես հանգստացել եմ: Բնական է, որ միայն դա չի փոխվել իմ կյանքում, շատ բան է փոխվել, բայց ես կրկին կարեւորում եմ իմ ներքին հանգստությունը, հոգեբանական կողմը:

Մենամարտդ տեղի է ունենալու Նյուրնբերգ քաղաքում: Որքանո՞վ է հարազատ քեզ այդ քաղաքը եւ մենամարտի անցկացման վայրը:

Բեռլինից այդ քաղաքը գտնվում է 400 կմ հեռավորության վրա: Այս քաղաքն ինձ ավելի քան հարազատ է: Այն ակումբը, որտեղ ես սկսել եմ մարզվել բռնքամարտով, գտնվել է հենց Նյուրնբերգում։ Այստեղ ես անցկացրել եմ  իմ երիտասարդությունը, ունեմ բազմաթիվ ընկերներ, երկրպագուներ այդ քաղաքում: Ինձ այդ քաղաքի մարդիկ ուղղակի երկրպագում են:

Ի՞նչ ակնկալիք ունես այս մենամարտից:

Միայն հաղթանակ, ուրիշ ոչնչի ակնկալիք չունեմ:

Մրակցի մասին ի՞նչ կասես: Ծանո՞թ ես նրա հնարավորություններին:

Նա շատ վտանգավոր հակառակորդ է: Այնպիսի մրցակից է, որը միշտ առաջ է գնում, ուզում է հարվածել, նոկաուտ անել: Իսկապես, վտանգավոր հակառակորդ է: Հնարքներին ծանոթ եմ, նայել եմ նրա բոլոր մենամարտերը, գիտեմ ինչ մենամարտ է վարում, ինչպես է վարում, որն է վտանգավոր կամ թույլ կողմերը:

Նախորդ մենամարտից առաջ Շտիգլիցը հայտարարություններ էր տարածել, որ հաղթանակը միայն իրենն է լինելու, նա կապացուցի բոլորին։ Այս հակառակորդդ նման հայտարարություններով հանդես եկե՞լ է:

Ոչ: Նման հայտարարություններ դեռեւս ինձ չեն հասել: Կամ գուցե դեռես չի տարածել։

Դու այժմ գործող աշխարհի չեմպիոնն ես: Այդ տիտղոսը քեզ վստահություն կամ ոգեւորություն ներշնչո՞ւմ է հերթական մենամարտիդ պատրաստվելիս:

Անկեղծ ասեմ` չեմպիոն դառնալ, բնական է, շատ դժվար է: Բայց չեմպիոնի տիտղոսը պաշտպանելն ավելի դժվար է, որովհետեւ այդ ժամանակ բոլորն ընկած են քո հետեւից, բոլորի ցանկությունը միայն քո գոտուն տիրանալն է, դրա համար էլ, բոլորը կատաղած ընկած են քո հետեւից: Հետեւաբար պետք է շատ զգույշ լինել, չոգեւորվել այն մտքից, որ դու աշխարհի չեմպիոն ես: Սա սպորտ է եւ երբ չեմպիոն ես դառնում, ավելի է բարդանում հետագա մենամարտերդ: Այս պարագայում դու պայքարում ես միանգամից բոլորի դեմ, որովհետեւ բոլորն ուզում են քեզնից խլել չեմպիոնի գոտին:

NEWS.am Sport-ը քեզ հաղթանակ է մաղթում: Հայաստանում կտեսնե՞նք քեզ մենամարտից հետո:

Շնորհակալություն մաղթանքի համար: Մենամարտից հետո գալու եմ Հայաստանում, որպեսզի ընտանիքիս հետ դիմավորեմ Նոր Տարին: Բայց մինչեւ Հայաստան գալը դեկտեմբերի 22-ին մեկնելու եմ Լոս Անջելես, որտեղ մասնակցելու եմ իմ ընկերոջ` Արմենչիկի համերգին: Իսկ մինչ այդ կնախապատրաստվեմ մենամարտիս:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով