21:26  ,  19 մարտի, 2023

Մ23 ԵԱ. Սերգեյ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցուն վերջին վայրկյանին եւ նվաճեց բրոնզե մեդալ (ֆոտո)

Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռումինաիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում:

92 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչն ուժերը չափեց Ադրբեջանը ներկայացնող Աբդուլջալիլ Շաբանովի հետ եւ գերլարված պայքարում հաղթեց գոտեմարտի վերջին վայրկյանում՝ 8:5 հաշվով:

Սարգսյանը պասիվ էր գոտեմարտում, առաջին մրցափուլում գորգի մրցավարը հայ ըմբիշին նկատողություն տվեց եւ հաշիվ բացեց: Մրցակիցները գնացին հանգստի 0:1 հաշվով ադրբեջանցու առավելությամբ: Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը կարողացավ հաշիվը դարձնել 3:1: Գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ Սարգսյանը 4 միավորանոց գցում կատարեց եւ հաշիվը դարձրեց 7:5: Ադրբեջանցու մարզիչը չելենջ գցեց, բայց մրցավարները չբավարարեցին, հայ ըմբիշի գցումը ժամանակի մեջ համարելով: Հաշիվը դարձավ 8:5: Ադրբեջանցի ըմբիշը վերջում չկարողացավ զսպել զայրույթը եւ չէր մոտենում գորգի կենտրոն: Միայն մարզիչի խորհրդից հետո բարձրացավ գորգից եւ մեկնեց ձեռքը հաղթողին հայտարարելու համար:

Սարգսյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում: Նրան հաղթած վրացի Անդրո Մարգիշվիլին դուրս էր եկել եզրափակիչ: Հայ ըմբիշը մեկ սփոփիչ գոտեմարտ էր անցկացրել, որտեղ 7:0 հաշվով հաղթել է շվեդ Ֆարհադ Անոշեյին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը 6 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի Մ23 առաջնությունում: Արծաթե մեդալակիրներ դարձան  Հայկ Պապիկյանը (70 կգ), Մեժլում Մեժլումյանը (61կգ) եւ Կնյազ Իբոյանը (86 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Էդիկ Հարությունյանը (57 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (125կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում