Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռումինաիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում:
92 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչն ուժերը չափեց Ադրբեջանը ներկայացնող Աբդուլջալիլ Շաբանովի հետ եւ գերլարված պայքարում հաղթեց գոտեմարտի վերջին վայրկյանում՝ 8:5 հաշվով:
Սարգսյանը պասիվ էր գոտեմարտում, առաջին մրցափուլում գորգի մրցավարը հայ ըմբիշին նկատողություն տվեց եւ հաշիվ բացեց: Մրցակիցները գնացին հանգստի 0:1 հաշվով ադրբեջանցու առավելությամբ: Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը կարողացավ հաշիվը դարձնել 3:1: Գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ Սարգսյանը 4 միավորանոց գցում կատարեց եւ հաշիվը դարձրեց 7:5: Ադրբեջանցու մարզիչը չելենջ գցեց, բայց մրցավարները չբավարարեցին, հայ ըմբիշի գցումը ժամանակի մեջ համարելով: Հաշիվը դարձավ 8:5: Ադրբեջանցի ըմբիշը վերջում չկարողացավ զսպել զայրույթը եւ չէր մոտենում գորգի կենտրոն: Միայն մարզիչի խորհրդից հետո բարձրացավ գորգից եւ մեկնեց ձեռքը հաղթողին հայտարարելու համար:
Սարգսյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում: Նրան հաղթած վրացի Անդրո Մարգիշվիլին դուրս էր եկել եզրափակիչ: Հայ ըմբիշը մեկ սփոփիչ գոտեմարտ էր անցկացրել, որտեղ 7:0 հաշվով հաղթել է շվեդ Ֆարհադ Անոշեյին:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը 6 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի Մ23 առաջնությունում: Արծաթե մեդալակիրներ դարձան Հայկ Պապիկյանը (70 կգ), Մեժլում Մեժլումյանը (61կգ) եւ Կնյազ Իբոյանը (86 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Էդիկ Հարությունյանը (57 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (125կգ):
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։