09:04  ,  16 հուլիսի, 2022

Հովհաննես Գաբրիելյան․ Ներկայացուցչական կազմով ենք մեկնում Լոձ եւ մեծ ակնկալիքներ ունենք մեր մարզիկներից

Ուրախ եմ, որ կարողացանք պատվիրակություն ունենալ Եվրոպական համալսարանական 5-րդ խաղերում, քանի որ ֆեդերացիան պետական ֆինանսավորում չունի Եվրոպական համալսարանական խաղերի եւ առաջնությունների համար: Ներկայացուցչական կազմով ենք մեկնում եւ մեծ ակնկալիքներ ունենք մեր մարզիկներից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը:

Հուլիսի 17-30-ը Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի կունենա Եվրոպական 5-րդ համալսարանական խաղերը: Հայաստանը կմասնակցի 6 մարզիկով։ Նրանք կպայքարեն 4 մարզաձեւում` ձյուդո, շախմատ, կարատե եւ հաշմանդամային սեղանի թենիս: Լոձ-2022-ին մասնակցության հայտ է ներկայացրել 39 երկրի 450 բուհի 5000 մարզիկ:

Ի՞նչ պատմություն ունեն Եվրոպական համալսարանական խաղերը եւ Հայաստանի ներկայացուցիչները այդ մրցումներում։ 

Եվրոպական համալսարանական խաղերը կազմակերպվում է Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի (EUSA - European University Sports Association)  կողմից եւ առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին: Առաջին Խաղերին մասնակցել է նաեւ Հայաստանը:

Մասնակցության հարուստ պատմություն ունենք: Եվրոպական խաղերը Համաշխարհային ուսանողական խաղերից տարբերվում է նրանով, որ երկրները ներկայանում են բուհերի հավաքականներով: Այս տարի Հայաստանը մասնակցում է 3 բուհերի հավաքականներով՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի եւ պարաթեյբլ թենիսի թիմերի 1-ական մարզիկով, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի շախմատի թիմը՝ երկու մարզիկով եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի կարատեի թիմը՝ երկու մարզիկով: Ես նույնպես ընգրված եմ պատվիրակության կազմում, քանի որ Եվրոպական ասոցիայիայի ղեկավար կազմի անդամ եմ եւ ղեկավարելու եմ ֆուտզալի մրցաշարի կազմակերպչական աշխատանքները:

 Շուրջ 6 ամիս համագործակցում ենք բուհերի, ինչպես նաեւ հովանավորների հետ: Ուրախ եմ, որ կարողացանք պատվիրակություն ունենալ Լոձ-2022-ում, քանի որ ֆեդերացիան պետական ֆինանսավորում չունի Եվրոպական համալսարանական խաղերի եւ եվրոպական համալսարանական առաջնությունների համար: Այս պարագայում ուսանողական մարզական ֆեդերացիան համագործակցում է բուհերի եւ ազգային ֆեդերացիաների հետ:

Քանի՞ մարզաձեւ է ընգրկված Լոձ-2022 ծրագրում: Ի՞նչ սպասելիքներ կան Հայաստանի ուսանող-մարզիկներից:

Ծրագրում ընդգրկված է 20 մարզաձեւ՝ խաղային եւ մարտարվեստային: Չկա բռնցքամարտ, ըմբշամարտ, ծանրամարտը, քանի որ դրանք այդքան էլ համալսարանական մարզաձեւեր չեն համարվում:

Սպասելիքներ ունենք մեր թիմի բոլոր անդամներից: Կարատեի թիմը տիտղոսակիր մարզիկներ են, շախմատիստները նույնպես լավ հնարավորություններ ունեն: Ձյուդոիստ Մերուժան Սարգսյանը Հայաստանի հավաքականի անդամ է: Հաշմանդամային սեղանի թենիսի մրցաշարին մասնակցելու է Գեւորգ Բեգլարյանը, որը Հայաստանի առաջնության մեդալակիր է, միջազգային մրցաշարերի մեծ փորձ ունի:

Այսինքն՝ բոլոր լավ արդյունքներ ունեցող մարզիկներ են: Ուսանողական ֆեդերացիան ունի որդեգրած մոտեցում, որ երբեք երկրորդ-երրորդ դասակարգման մարզիկների չի ընդգրկում կազմ: Մենք ուժեղագույն մարզիկներով ենք համալրում մեր թիմերը, որոնք իրենց մարզաձեւերում առաջիններից են եւ ունեն տարբեր տիտղոսներ: Շատ կարեւոր է, որ Հայաստանը նման կարեւոր միջազգային մրցաշարերում ներկայացուցչական կազմ ունենա, որովհետեւ եվրոպական ուսանողական խաղերը Եվրոպայում ամենամասսայական միջոցառումներից է: Սովորաբար մասնակցում է մինչեւ 41-42 երկիր: Այս տարի Ռուսաստանն ու Բելառուսը զրկված են մասնակցության իրավունքից: Լոձ-2022-ը կանցկացվի շուրջ 5000 պատվիրակներով: Սա Եվրոպայի համար լուրջ թիվ է որպես մարզական միջոցառում: Ուրախ եմ, որ կարողացանք ամեն ինչ անել, որ նման խոշոր մրցաշարում Հայաստանն ունենա մասնակցություն:

Ուժեղագույններին ենք ընդգրկել կազմ, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան պայքարել մեդալների համար: Տուրիստի կարգավիճակում ներկայացուցիչներ չունենք:

Նշեցիք, որ մասնակցության հարուստ պատմություն ունեք: Ի՞նչ արդյունքներ եք ունեցել նախկինում:

2012 թվականին մասնակից ենք ունեցել սեղանի թենիսի մրցաշարում ՀՖԿՍՊԻ թիմով, որը հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ 64 թիմերի մեջ:

2014 թվականին Տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի եւ ՀՖԿՍՊԻ սեղանի թենիսի աղջիկների թիմերն էին մասնակցում: Ֆուտզալի թիմը հասավ քառորդ եզրափակիչ, սեղանի թենիսի թիմը՝ 1/8-րդ եզրափակիչ:

2016 թվականին ՀՖԿՍՊԻ տղամարդկանց շախմատի թիմը, որի ղեկավարը Զավեն Անդրեասյանն էր: Նրա գլխավորությամբ Հայաստանի թիմը նվաճեց բոլոր ոսկե մեդալները. թիմային, անհատական եւ բլից մրցաշարերում բոլորում չեմպիոն դարձանք: Ունեինք մասնակից նաեւ ֆուտզալում, որտեղ մեր թիմը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ:

2018 թվականին Պոլիտեխնիական համալսարանի բադմինթոնի թիմը մասնակցեց, որտեղ Հայաստանի հավաքականի առաջատար Լիլիթ Պողոսյանն անհատական պայքարում հասավ մինչեւ կիսաեզրափակիչ:

Ինչո՞ւ Եվրոպական համալսարանական խաղերի մասնակցության համար պետական ֆինանսավորում չունեք: Երբեւեէ դիմե՞լ եք:

Յուրաքանչյուր միջնաժամկետ ծրագրում ներկայացնում ենք նաեւ Եվրոպական խաղերը, բայց խորհրդակցությունների արդյունքում չենք ֆինանսավորվում: Քանի որ Եվրոպական ուսանողական խաղերին միայն բուհական թիմեր են մասնակցում, գալիս ենք այն եզրահանգման, որ պետությունը ֆինանսավորի Ունիվերսիադաներն ու Հանրապետական ուսանողական մարզական խաղերը: Երկու տարի չունեցանք ֆինանսավորում նաեւ Հանրապետական խաղերի համար: Հուսանք՝ հաջորդ տարի կունենանք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս