09:07  ,  19 հունվարի, 2022

Վահան Բիչախչյան. Ամենաառաջինն իմ ազգն է շատ կարեւոր ինձ համար (ֆոտո, վիդեո)

Իմ կարծիքով՝ «Ժիլինայից» հետո «Պոգոնը» քայլ առաջ է իմ կարիերայում: Կփորձեմ ամեն ինչ անել՝ նպատակներիս հասնելու համար, որպեսզի կարողանամ իմ հաջողություններով ուրախացնել իմ ազգին եւ ինձ հավատացողներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:

Հունվարի 10-ին 22-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի «Ժիլինայից» տեղափոխվեց լեհական «Պոգոն»: Վահան Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է կնքել լեհական ակումբի հետ: 

Թուրքիայում հավաք անցնող «Պոգոնը» հունվարի 17-ին ընկերական հանդիպում անցկացրեց շվեյցարական «Ցյուրիխի» հետ, Վահան Բիչախչյանը նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ 38-րդ րոպեին (1։1)։

Լեհաստանի ընթացիկ առաջնության 19 տուրից հետո «Պոգոնը» 37 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր է հետ առաջատար «Լեխ Պոզնանից»։

22-ամյա ֆուտբոլիստը NEWS.am Sport-ի թղթակցի հետ խոսել է նոր ակումբի, առաջին խաղի, նպատակների եւ Ազգերի լիգայում ազգային հավաքականի առաջիկա հանդիպումների մասին:

Վահան, շնորհավորում եմ նոր ակումբ տեղափոխվելու եւ նորամուտը գոլով նշելու կապակցությամբ: Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ լեհական ակումբի վրա:

Շնորհակալ եմ: Շատ էին հետաքրքրված ինձանով եւ զգում էի, որ իսկապես ցանկանում են ինձ տեսնել իրենց թիմում: Մյուս կողմից էլ, երբ համեմատականներ եմ անցկացնում «Ժիլինայի» միջեւ, հասկանում եմ, որ սխալ ընտրություն չեմ կայացրել: Ճիշտ է՝ խաղամակարդակաների, առաջնությունների տարբերություն կա, բայց, ինչ վերաբերում է մարզումային պրոցեսին, թիմային մթնոլորտին եւ խաղացողների որակներին, տարբերությունը շատ մեծ չէ: Այստեղ տարիքով մեծ եւ փորձառու ֆուտբոլիստները շատ են: «Ժիլինան» շատ ավելի երիտասարդներով էր համալրված, երիտասարդական թիմ էր: Պրոֆեսիոնալիզմի առումով երկու թիմերն էլ լավ մակարդակի վրա են: Այստեղ հարմարվելու խնդիրս էլ այդքան մեծ չէր: Իմ կարծիքով՝ «Ժիլինայից» հետո «Պոգոնը» ճիշտ քայլ էր իմ կարիերայում:

Մինչեւ տեղափոխվելս ուսումասիրել էի թիմը, մարզիչներին, ֆուտբոլիստներին: Նաեւ նրանց հետաքրքրվածությունից հասկացել էի, որ իսկապես ուզում են ինձ տեսնել իրենց թիմում: Այդպես որոշեցի միանալ «Պոգոնին»:

Ինչպե՞ս Ձեզ ընդունեցին ակումբում:

Շատ ջերմ ընդունելության արժանացա: Իսկապես շատ լավ ընդունեցին ֆուտբոլիստները,  մարզիչները, նաեւ ակումբի ղեկավարությունը: Իրենց կողմից էլ, կարելի է ասել, շատ սպասված էի. այդպիսի զգացողություններ եմ ունեցել: Առաջին օրվանից պատրաստակամություն են հայտնել ամեն հարցով ինձ օգնել. ճիշտ է՝ հարցեր չեն եղել, բայց լինելու դեպքում պատրաստ են ինձ աջակցել: Շատ ջերմ մարդիկ են, առայժմ ամեն ինչ հիանալի է:

Այժմ ուսումնամարզական հավաքի ենք Անթալիայում: Ամեն ինչ նորմալ է եւ իր հունով ընթանում է: Լավ մարզումներ ենք անցկացնում: Խաղադաշտում, թե խաղադաշտից դուրս ամեն ինչ շատ լավ է:

«Պոգոնում» նորամուտը նշեցիք գոլով...

Շվեյցարական «Ցյուրիխի» հետ ընկերական խաղում դարձա գոլի հեղինակ, ինչի համար շատ ուրախ եմ: Այժմ ծանր մարզումային փուլում եմ: Պատրաստվում ենք մրցաշրջանի երկրորդ հատվածին: Ընկերական խաղեր ենք խաղում, որպեսզի կարողանանք մտնել լավ մարզավիճակի մեջ: Հիմնական կենտրոնացվածությունը մարզումների վրա է եւ ծանր մարզումներից հետո այսպիսի ընկերական հանդիպումներում լավ խաղալը: Ամենակարեւորը՝ լավ մարզավիճակով մրցաշրջանի երկրորդ հատվածին մոտենալն է: Ինձ համար միշտ շատ կարեւոր է գոլ խփելը: Բոլոր ֆուտբոլիստների համար, իմ կարծիքով, հաճելի է գոլ խփել, մասնավորապես, առաջին խաղում: Փառք Աստծո, ինձ մոտ ստացվեց առաջին խաղում գոլի հեղինակ դառնալ: Ամեն անգամ մարզադաշտ մտնելիս փորձում եմ առավելագույնն անել՝  թիմին օգնելու նաեւ իմ լավագույն որակները դրսեւորելու համար:

Իսկ թիմն ինչպե՞ս արձագանքեց առաջին խաղում առաջին գոլին:

Շատ լավ արձագանքեցին: Մինչ այդ էլ ամեն ինչին շատ ջերմ են արձագանքել: Կարելի է ասել՝ առաջին գոլս չէր (ծիծաղում է). Դրանից առաջ էլ մարզումների ժամանակ եմ շատ գոլեր խփել: Խաղի ընթացքում մեծ աջակցություն զգացի թիմից, մասնավորապես, տարիքով ավագ ֆուտբոլիստներից: Փորձում են այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի կարողանաս  լավ մարզվել, լավ խաղալ, իրենց կողքին զարգանալ, աճել որպես ֆուտբոլիստ:

Ի՞նչ նպատակներ ունեք նոր ակումբում: 

Նպատակներս միայն «Պոգոնում» չեն: «Ժիլինայում», «Շիրակում» միշտ ուզեցել եմ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի դառնամ լավ ֆուտբոլիստ: Միշտ ուզեցել եմ լավ հանդես գալ, որպեսզի կարողանամ պատվով ներկայացնել իմ ազգը: Միշտ զգում եմ իմ ազգից աջակցությունը, որն ինձ համար շատ պարտավորեցնող եւ կարեւոր է: Ունեմ նպատակներ, որոնց ուզում եմ հասնել: Առայժմ չեմ ուզում դրանց մասին խոսել: Քրտնաջան աշխատանքով, հավատքով եւ, ամենակարեւորը, առողջությամբ կփորձեմ առավելագույնս անել, որպեսզի կարողանամ հասնել նպատակներիս:

Իմ կարծիքով՝ «Պոգոնն» իմ կարիերայում միանշանակ քայլ առաջ է: Հուսով եմ՝ առավելագույնը կքաղեմ այստեղից եւ կկարողանամ իմ լավ խաղով անել այնպես, որպեսզի հետագայում էլ ավելի զարգանամ որպես ֆուտբոլիստ: «Պոգոնը» շատ լավ ակումբ է, պրոֆեսիոնալ թիմ է, բայց, կլինեմ ավելի անկեղծ եւ կասեմ, որ նպատակներս «Պոգոնով» չեն ավարտվում: Ավելի բարձր նպատակներ ունեմ եւ ցանկանում եմ ամեն ինչ անել, որ կարողանամ հասնել այդ նպատակներիս: Ամենաառաջինն իմ ազգն է շատ կարեւոր ինձ համար: Ամեն ինչ կանեմ, որ իմ ազգին եւ բոլոր ինձ հավատացողներին ուրախացնեմ:

Ո՞ր առաջնությունում եք երազում խաղալ:

Իմ կարծիքով՝ ես չպետք է որոշեմ, թե որ առաջնությունում եմ ուզում խաղալ: Պետք է արժանի լինել որեւէ ցանկալի առաջնությունում խաղալու համար: Բոլոր ֆուտբոլիստների երազանքն էլ թոփ-5 լիգաներում խաղալն է՝ Իսպանիա, Իտալիա, Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա: Բոլորի պես իմ երազանքն էլ մի օր հայտնվել ու խաղալ այսպիսի թոփ առաջնություններում: 

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգայի B խմբի առաջին հանդիպումներին: Ի՞նչ սպասելիքներ կան, ինչպե՞ս եք տրամադրված առաջիկա խաղերին:

Չեմ կարող միանշանակ ասել՝ ինչպես կարող ենք անցկացնել B խմբի հանդիպումները եւ ինչ հաջողություններ կունենանք այս խմբում: Ֆուտբոլ է, ամեն ինչ հնարավոր է: Շուտով կմեկնարկի Ազգերի լիգան, բոլոր հավաքականներն էլ սկսում են զրո միավորներից: Բոլորի հետ էլ հնարավոր է խաղալ եւ հաղթել: Մեր հավաքականն ի զորու է բարձր միավորներ վաստակել եւ Ա լիգայում հանդես գալ: Եթե հրավիրվեմ հավաքական  եւ խաղաժամանակ ստանամ, ամեն ինչ անելու եմ, որպեսզի տղաների հետ միասին հասնենք մեր նպատակին:

Աշխարհի առաջնության ընտրական փուլն անհաջող ավարտելուց հետո բավական ժամանակ է անցել եւ այժմ մեր հավաքականը նոր մարտահրավերի առջեւ է: Նոր նպատակներով ենք սկսելու: Վերջին խաղը նոյեմբերին ենք անցկացրել: Մարտ ամսին ունենք ընկերական հանդիպում եւ կնախապատրաստվենք հունիսին Ազգերի լիգայում մեկնարկային խաղին: Առջեւում դեռ շատ ժամանակ կա: Բոլորն էլ խաղում են հաղթելու նպատակով: Պարտություններից որեւէ մեկն ապահովագրված չէ: Ֆուտբոլն այնքան արագ սպորտ է, որ անհաջողությունները, պարտությունները պետք է արագ մոռանալ եւ պատրաստվել հաջորդ հանդիպմանը:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին պարտություններից հետո բոլորս էլ շատ տխուր էինք, բոլորս ուզում էինք հասնել մեր նպատակին, երազանքին՝ խաղալ աշխարհի առաջնությունում, ինչպես դրա մասին երազում էին բոլոր հավաքականները: Բայց այժմ այդ ամենն անցյալում է, պետք է առաջ նայել, առաջ շարժվել, նոր փուլ ենք սկսում նոր նպատակով եւ պետք է փորձենք ամեն ինչ անել մեր նպատակին հասնելու համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով