13:35  ,  18 սեպտեմբերի, 2021

Մեսին 3 տարում կարող է 110 միլիոն վաստակել ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին առաջիկա 3 տարում կարող է 110 միլիոն եվրո վաստակել ֆրանսիական ակումբում, հաղորդում է L'Equipe-ը:

Պայմանագրի համաձայն՝ առաջին տարում 34-ամյա ֆուտբոլիստը կստանա 30 միլիոն եվրո, իսկ հաջորդ 2 մրցաշրջաններում նրա աշխատավարձը կարող է 10 միլիոնով բարձրանալ հավատարմության բոնուսի շնորհիվ: Պայմանագրի այդ կետը կակտիվանա, եթե Մեսին ՊՍԺ-ում անցկացնի 3 տարի:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ավագն օգոստոսի 10-ին փարիզյան ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

Մեսիի պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հուլիսի 1-ին, ինչից հետո նա ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Արգենտինացին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 35 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում