13:40  ,  5 սեպտեմբերի, 2021

ԱԱ-2022․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Գերմանիայի դեմ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է վերջնական հայտացուցակը Գերմանիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրի խաղում։

Հայտացուցակում չեն ընդգրկվել Անատոլի Այվազովը, Անդրե Կալիսիրը, Դավիդ Դավիդյանը, Արշակ Կորյանը և Ժիրայր Շաղոյանը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Գերմանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկեն շոտլանդացի մրցավարներ՝ 42-ամյա Ուիլյամ Կոլամի գլխավորությամբ:

Գերմանիայի հավաքականը խաղադաշտ դուրս կգա սպիտակ, իսկ Հայաստանի հավաքականը՝ ծիրանագույն մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ և 10 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ունի 9 միավոր, Հյուսիսային Մակեդոնիան՝ 7, Ռումինիան՝ 6, Իսլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնը կրել է 4 պարտություն:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում