18:05  ,  7 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը պաշտպանեց օլիմպիական չեմպիոնի կոչումը (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեց Բրազիլիայի հավաքականը, որը կրկնեց Ռիո-2016-ի հաջողությունը:

Եզրափակիչում բրազիլացիները լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեցին Իսպանիայի հավաքականին:

38-րդ րոպեին բրազիլացիները ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն անգլիական «Էվերտոնի» հարձակվող Ռիշարլիսոնը չկարողացավ անվրեպ իրացնել այն: Այնուամենայնիվ, առաջին խաղակեսի վերջնամասում հարավամերիկյան թիմն առաջ անցավ հաշվի մեջ գերմանական «Հերտայի» կիսապաշտպան Մատեուս Չունայի գոլի շնորհիվ:

Երկրորդ խաղակեսում իսպանացիների պատասխան գոլը խփեց «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Օյարզաբալը, որն աչքի ընկավ 61-րդ րոպեին:

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ բրազիլացիներին հաղթանակ պարգևեց ռուսական «Զենիթի» հարձակվող Մալկոմի գոլը:

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալակիր էր դարձել Մեքսիկայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 3:1 հաշվով հաղթել էր Ճապոնիայի թիմին:

Տոկիո-2020, ֆուտբոլ, տղամարդիկ, եզրափակիչ

Բրազիլիա - Իսպանիա՝ 2:1 (տեսանյութ)

Մատեուս Չունա, 45+2, Մալկոմ, 109 – Միկել Օյարզաբալ, 61

Չիրացված 11 մետրանոց՝ Ռիշարլիսոն, 38 (Բրազիլիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով