12:22  ,  5 օգոստոսի, 2021

Արթուր Դավթյան. Օլիմպիական խաղերում 3-րդ տեղը մեր պայմանների համար ոսկի է (ֆոտո)

Օլիմպիական մեդալը մեզ համար արդեն հասանելի է: Ուրախ եմ, որ մեր անմխիթար պայմաններում մարզվելով՝ կարողացանք պատմական մեդալ ունենալ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայում ասաց Տոկիո-2020-ի սպորտային մարմնամարզության հենացատկի մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը, որն այս գիշեր ծանրամարտի կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի հետ վերադարձել է հայրենիք, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Արթուր Դավթյանը Տոկիո-2020-ում պատմական նվաճում գրանցեց՝ 41 տարվա դադարից հետո անկախ Հայաստանին բերելով առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում:

«Կարծում եմ՝ մարմնամարզությունում բրոնզե մեդալը ոչ միայն ինձ համար է հաղթանակ, այլեւ՝ բոլորիս: Օլիմպիական խաղերում երրորդ տեղը մեր պայմանների համար ոսկի է: Լավ գիտեք՝ հայկական մարմնամարզությունում դահլիճային պայմաններն ինչ վիճակ է: Սառույցը կոտրվեց: Օլիմպիական մեդալն այլեւս մեզ համար հասանելի է: Մեզանից հետո եկող երիտասարդ սերդի համար ճանապարհը բացվեց: Նրանք կիմանան, որ օլիմպիական մեդալը հասանելի է: Կրկնվեմ, մեր վատ պայմաններում այս մեդալը շատ մեծ արդյունք է:

Սպասում էի, որ մեդալ եմ նվաճելու: Իրականում, սպասելիքներս ավելի բարձր էին, կարող էի նվաճել ոսկե մեդալ: Մի փոքր լավ չստացվեց երկրորդ ցատկս: Ուրիշ ոչինչ ինձ չէր խանգարում: Լավ պատրաստ էի, լավագույն մարզավիճակում էի, հոգեբանորեն տրամադրված էի: Միայն եզրափակիչում մի փոքր չստացվեց: Այս մեդալը, հաջողությունը Աստծո կողմից տրված էր: Անբացատրելի զգացողություն է, որ 4 տասնամյակ մեդալ չունենալուց հետո, ես եմ նվաճում առաջին օլիմպիական մեդալը մեր անկախ պետությունում: Սա մեր թիմի, մեր մարզիչների քրտնաջան աշխատանքի, բոլորիս բարձր նվաճումն է, ինչով հպարտանում եմ»,- ասաց Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար մարմնամարզիկը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հենացատկի վարժությունում օգոստոսի 2-ին բրոնզե մեդալակիր դարձավ 14.733 միավորով՝ զիջելով միայն oլիմպիական չեմպիոն դարձած կորեացի Շին Ջի Հվանին (14.783 միավոր) եւ երկրորդ տեղը գրաված ռուս Դենիս Աբլյազինին (14.783 միավոր): Նախորդ անգամ Հայաստանը սպորտային մարմնամարզությունում օլիմպիական մեդալ նվաճել էր 1980 թվականին Մոսկվայում տեղի ունեցած 22-րդ ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում թիմային բազմամարտի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով