08:25  ,  4 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարից

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

2019թ. Եվրոպայի չեմպիոն, 2020թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ու աշխարհի անհատական գավաթի խաղարկության փոխչեմպիոն 21-ամյա ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 1:6 հաշվով պարտվել էր Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին։ 

Եթե 28-ամյա Բեհբայար Էրդենեբատին կարողանար նվաճել եզրափակիչի ուղեգիր, Արսեն Հարությունյանը հնարավորություն կստանար օգոստոսի 5-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Սակայն քառորդ եզրափակիչում Մոնղոլիայի ներկայացուցիչը 1:5 հաշվով պարտվեց իրանցի Ռիզա Աթրինագարչիին:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարը կսկսի օգոստոսի 6-ին:

Տոկիո-2020-ում Արսեն Հարությունյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր օգոստոսի 4-ին:

17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականն այս պահին ունի 4 մեդալ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր է դարձել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Օգոստոսի 6-ին Բաչկովը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ:

Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ, 57 կգ քաշային կարգ

Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում:

Անձնական մարզիչներն են Գեւորգ Վարդանյանը եւ Արշախ Հայրապետյանը:

Արսեն Հարությունյանը 2015 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, 2017թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր (2018):

Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությամբ (57 կգ): 2019 թվականին Բուխարեստում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ:

2020 թվականին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Նույն տարում աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ:

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2021 թվականի մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում՝ դառնալով ոսկե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով