07:52  ,  3 օգոստոսի, 2021

Տոկիո-2020․ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ

Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը (77 կգ) Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի բրոնզե մեդալի համար օգոստոսի 3-ին կգոտեմարտի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ, որը սփոփիչ գոտեմարտում 11։1 հաշվով պարտության է մատնել թունիսցի Լամջեդ Մաաֆիին։

97 կգ քաշային կարգի եզրափակիչում 2016թ. օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ:

Կիսաեզրափակիչները, բրոնզե մեդալի համար գոտեմարտերն ու եզրափակիչները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 13։15-ին։ Եզրափակիչը նախնական՝ 15։15–ին։

Տոկիո-2020-ում Կարապետ Չալյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 5:0 հաշվով հաղթելով 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին: Քառորդ եզրափակիչում նա 2:1 հաշվով հաղթել էր 2018թ. աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, 35-ամյա ռուս Ալեքսանդր Չեխիրկինին: Եզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը վիճարկեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ և պարտվեց 2:6 հաշվով:

Կարապետ Չալյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 77 կգ քաշային կարգ։

Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 7-ին Գյումրիում։ Անձնական մարզիչն է Արթուր Պետրոսյանը:

Կարապետ Չալյանը 2010 թվականի պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն է, 2012 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թվականի երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, 2014 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թվականի բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն, 2016 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2020 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի աշխարհի առաջնությունում։ Ամուսնացած չէ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով