07:14  ,  2 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Կարապետ Չալյանի վստահ մեկնարկը

Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը (77 կգ) հաղթանակով մեկնարկեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում:

Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 5:0 հաշվով հաղթելով 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին:

Առաջին մրցափուլում Չալյանը մրցակցին դուրս հրեց գորգից և վաստակեց 1 միավոր: Քիչ անց նա ստացավ մեկ միավոր ու պարտերում վերևից աշխատելու հնարավորություն: Գյումրեցի ըմբիշին չհաջողվեց 2 փորձից գցում կատարել: Մրցափուլի վերջնամասում Չալյանը վաստակեց ևս մեկ միավոր և առաջին մրցափուլն ավարտվեց 3:0 հաշվով: Երկրորդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչը վաստակեց ևս 2 միավոր ու տարավ վստահ հաղթանակ՝ 5:0:

Քառորդ եզրափակիչում Կարապետ Չալյանի մրցակիցը կլինի 2018թ. աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող ռուս Ալեքսանդր Չեխիրկինը, որը 7:0 հաշվով հաղթեց մեքսիկացի Անտոնիո Յեպեսին:

77 կգ քաշային կարգում Բուլղարիան ներկայացնող, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի սան Հայկ Մնացականյանը մեկնարկային գոտեմարտում 1:3 հաշվով պարտվեց խորվաթ Բոզո Ստարչևիչին:

Օգոստոսի 2-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի նաև գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի հետ:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանն օգոստոսի 1-ին հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) պայքարի մեջ կմտնի օգոստոսի 3-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):

Կարապետ Չալյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 77 կգ քաշային կարգ։

Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 7-ին Գյումրիում։ Անձնական մարզիչն է Արթուր Պետրոսյանը:

Կարապետ Չալյանը 2010 թվականի պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն է, 2012 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թվականի երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, 2014 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թվականի բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն, 2016 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2020 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի աշխարհի առաջնությունում։ Ամուսնացած չէ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս