16:23  ,  2 օգոստոսի, 2021

Արթուր Դավթյանը՝ Տոկիոյից. Հպարտ եմ, որ այս մեդալը գալիս է Հայաստան

Հպարտ եմ, որ այս մեդալը գալիս է Հայաստան։ Անչափ ուրախ եմ։ Շատ կուզեի, որ ոսկի լիներ, բայց բրոնզե մեդալն ինձ համար ոսկու արժեք ունի։

Այս մասին NEWS.am Sport–ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։

«Շատ ուրախ եմ եւ հպարտ, որ այս մեդալը, օլիմպիական մեդալը գալիս է Հայաստան։ Երջանիկ եմ, որ կարողացա մեդալ նվաճել։ Շատ կուզեի, որ ոսկի լիներ, բայց բրոնզ եղավ։ Ամեն դեպքում, անչափ ուրախ եմ։ Այս պահին դեռ չգիտեմ ինչ զգացողություններ ունեմ, միայն հպարտ եմ», - ասաց Արթուր Դավթյանը։

28–ամյա մարզիկը նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր դարձավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հենացատկի վարժությունում: Եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14.733 միավոր:

41 տարի անց Հայաստանն օլիմպիական մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզությունում։

Պարգեւատրվելուց հետո Արթուր Դավթյանը առաջինը տեսազանգով կապ հաստատեց կնոջ՝ Անահիտ Շեգունցի հետ, որը Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում 2-ամյա դստեր Ալիսայի, Դավթյանի ընկերների, հավաքականի անդամների հետ ուղիղ հեռարձակմամբ հետեւում էր ամուսնու ելույթին Տոկիո-2020–ում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս