10:01  ,  2 օգոստոսի, 2021

Հայաստանի թիմի մարզիչները՝ Արթուր Ալեքսանյանի ու Կարապետ Չալյանի հաղթանակների մասին (ֆոտո)

Մեզ մոտ լավ տրամադրություն է: Տղաներն իրենց շատ լավ են զգում: Այսպիսի տրամադրվածությամբ կնախապատրաստվենք երեկոյան մրցելույթներին: Շատ գոհ եմ Արթուր Ալեքսանյանի եւ Կարապետ Չալյանի անցկացրած գոտեմարտերից: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

Քիչ առաջ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում վստահ հաղթանակներով նվաճեցին կիսաեզրափակիչի ուղեգրեր:

«Ամեն ինչ շատ լավ է: Այստեղ բոլորիս տրամարդությունը բարձր է, հաղթական: Տղաներն իրենց լավ են զգում: Որեւէ վնասվածք, ցավ չունեն: Դեռ ժամանակ ունենք մինչեւ կիսաեզրափակիչներ: Կմարզվենք, այս տրամադրությամբ կպատրաստվենք: Հիմա մեզ կմիանա նաեւ Կարեն Ասլանյանը (67 կգ), նա եւ մարզում կանցկացնի, եւ կպատրաստվենք արդեն երեկոյան կարեւոր մրցելույթներին: Կարեւորը տղաները ոչ մի վնասվածք, ցավացող տեղ չունեն: Ամեն ինչ նորմալ է»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանի խոսքով, ըմբիշները մրցումային օրվա առաջին կարեւոր խնդիրը կատարեցին:

«Ուրախ ենք բոլորս: Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը մրցումային օրվա առաջին կարեւոր խնդիրը կատարեցին: Այժմ մեզ մնում է լուծել երկրորդ կարեւոր խնդիրը՝ նվաճել եզրափակիչների ուղեգրեր»,- նշեց Սամվել Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի հունահռոմեական ըմբշամարտի երկրորդ մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի երկու ներկայացուցիչներ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը երկուական հաղթանակ տարան կիսաեզրափակիչների ճանապարհին: Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովին, քառորդ եզրափակիչում 5:1 հաշվով ուժեղ գտնվեց ֆինն Արվի Սավոլայնենից: Կարապետ Չալյանը 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին: Քառորդ եզրափակիչում Չալյանը մրցեց 2018թ. աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, 35-ամյա ռուս Ալեքսանդր Չեխիրկինի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով:

Կիսազերափակիչում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի Մոհամադհադի Սարավին: Կարապետ Չալյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ:

Կիսաեզրափակիչի գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 13:15-ից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով