10:01 2 օգոստոսի, 2021Մեզ մոտ լավ տրամադրություն է: Տղաներն իրենց շատ լավ են զգում: Այսպիսի տրամադրվածությամբ կնախապատրաստվենք երեկոյան մրցելույթներին: Շատ գոհ եմ Արթուր Ալեքսանյանի եւ Կարապետ Չալյանի անցկացրած գոտեմարտերից: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:
Քիչ առաջ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում վստահ հաղթանակներով նվաճեցին կիսաեզրափակիչի ուղեգրեր:
«Ամեն ինչ շատ լավ է: Այստեղ բոլորիս տրամարդությունը բարձր է, հաղթական: Տղաներն իրենց լավ են զգում: Որեւէ վնասվածք, ցավ չունեն: Դեռ ժամանակ ունենք մինչեւ կիսաեզրափակիչներ: Կմարզվենք, այս տրամադրությամբ կպատրաստվենք: Հիմա մեզ կմիանա նաեւ Կարեն Ասլանյանը (67 կգ), նա եւ մարզում կանցկացնի, եւ կպատրաստվենք արդեն երեկոյան կարեւոր մրցելույթներին: Կարեւորը տղաները ոչ մի վնասվածք, ցավացող տեղ չունեն: Ամեն ինչ նորմալ է»,- ասաց Էդուարդ Սահակյանը:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանի խոսքով, ըմբիշները մրցումային օրվա առաջին կարեւոր խնդիրը կատարեցին:
«Ուրախ ենք բոլորս: Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը մրցումային օրվա առաջին կարեւոր խնդիրը կատարեցին: Այժմ մեզ մնում է լուծել երկրորդ կարեւոր խնդիրը՝ նվաճել եզրափակիչների ուղեգրեր»,- նշեց Սամվել Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի հունահռոմեական ըմբշամարտի երկրորդ մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի երկու ներկայացուցիչներ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը երկուական հաղթանակ տարան կիսաեզրափակիչների ճանապարհին: Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովին, քառորդ եզրափակիչում 5:1 հաշվով ուժեղ գտնվեց ֆինն Արվի Սավոլայնենից: Կարապետ Չալյանը 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին: Քառորդ եզրափակիչում Չալյանը մրցեց 2018թ. աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, 35-ամյա ռուս Ալեքսանդր Չեխիրկինի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով:
Կիսազերափակիչում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի Մոհամադհադի Սարավին: Կարապետ Չալյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ:
Կիսաեզրափակիչի գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 13:15-ից:
Լուսինե Շահբազյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.