13:34  ,  1 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը լքեց պայքարը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հունահռոմեականների մրցաշարի 60 կգ քաշային կարգում 25-ամյա Մելիքյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 22-ամյա իրանցի Ալի Ռեզա Նեջաթիի նկատմամբ հաղթանակով (5:5), իսկ երկրորդ գոտեմարտում 4:8 հաշվով պարտվել էր 2018թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 և 2020 թթ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովին: Ուկրաինացի ըմբիշին չհաջողվեց նվաճել եզրափակիչի ուղեգիր, ինչի պատճառով 2019թ. մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Կիսաեզրափակիչում Լենուր Տիմուրովը 1:5 հաշվով պարտվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային: Եզրափակիչում ճապոնացի ըմբիշի մրցակիցը կլինի կուբացի Սանչես Օրտիզը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաև Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Չալյանն ու Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 2-ին, իսկ Ասլանյանը՝ օգոստոսի 3-ին:

Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ: Այդ զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի կամ կուբացի Ռոսիլիո Քինդի, կամ ֆինն Արվի Սավոլայնենի հետ:

Արթուր Ալեքսանյանն ու Ուզուր Ջուզուպբեկովն այս տարվա հունվարին հանդիպել են Կիևի մրցաշարում:

Արթուր Ալեքսանյանի գլխավոր մրցակիցներից ռուս Մուսա Եվլոևը հայտնվել է մյուս հատվածում: Նրանք կարող են հանդիպել միայն մեդալային գոտեմարտում:

Կարապետ Չալյանի (77 կգ) առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովը: Քառորդ եզրափակիչում այդ զույգի հաղթողը կմրցի Ալեքսանդր Չեխիրկին (Ռուսաստան) – Լամջեդ Մաաֆիի (Թունիս) գոտեմարտի հաղթողի հետ:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):

Արմեն Մելիքյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 60 կգ քաշային կարգ

Ծնվել է 1996 թվականի փետրվարի 7-ին Էջմիածնում։

Անձնական մարզիչներն են Ամիրբեկ Պողոսյանը, Ալիկ Հովհաննիսյանը եւ Արմեն Մելիքյանը։

2013 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2015, 2016 թվականների երիտասարդների Հայաստանի մրցանակակիր:

2017 թվականի սկզբին հեռացել է մեծ սպորտից եւ միառժամանակ մեկնել արտագնա աշխատանքի: 2017 թվականի ավարտին վերադարձել է Հայաստան, մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնութանն ու դարձել չեմպիոն 60 կգ քաշային կարգում:

2018 թվականից մեծահասակների Հայաստանի հավաքականի անդամ է: 2019 թվականին Հունգարիայիայում տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

2021 թվականի մայիսի 8-9-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված վարկանիշային մրցաշարում դարձել է չեմպիոն՝ նվաճելով նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր 60 կգ քաշային կարգում:

Ամուսնացած է, ունի որդի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս