06:44  ,  1 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկնարկեց հաղթանակով

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը (60 կգ) մեկնարկեց հաղթանակով:

Հունահռոմեականների մրցաշարի 60 կգ քաշային կարգում 2019թ. մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակիչում մրցեց 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 22-ամյա իրանցի Ալի Ռեզա Նեջաթիի հետ և հասավ ծանր հաղթանակի (5:5):

Առաջին մրցափուլից հետո իրանցի ըմբիշը հաշվի մեջ առջևում էր 2:0 հաշվով, սակայն երկրորդում 25-ամյա Մելիքյանը վաստակեց 5 միավոր: Վերջնամասում Նեջաթին հավասարեցրեց հաշիվը, բայց հաղթանակի հասավ հայ ըմբիշը:

Արմեն Մելիքյանի գոտեմարտի ժամանակ Առաջին ալիքը ցուցադրում էր Տոկիո-2020-ի կանանց ըմբշամարտի գոտեմարտ:

Քառորդ եզրափակիչում Արմեն Մելիքյանը կմրցի 2018թ. աշխարհի բրոնզե մեդալակիր, 2019 և 2020 թթ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովի հետ, որը մեկնարկային գոտեմարտում 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ուզբեկ Էլմուրատ Տասմուրադովի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաև Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Չալյանն ու Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 2-ին, իսկ Ասլանյանը՝ օգոստոսի 3-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):

Արմեն Մելիքյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 60 կգ քաշային կարգ

Ծնվել է 1996 թվականի փետրվարի 7-ին Էջմիածնում։

Անձնական մարզիչներն են Ամիրբեկ Պողոսյանը, Ալիկ Հովհաննիսյանը եւ Արմեն Մելիքյանը։

2013 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2015, 2016 թվականների երիտասարդների Հայաստանի մրցանակակիր:

2017 թվականի սկզբին հեռացել է մեծ սպորտից եւ միառժամանակ մեկնել արտագնա աշխատանքի: 2017 թվականի ավարտին վերադարձել է Հայաստան, մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնութանն ու դարձել չեմպիոն 60 կգ քաշային կարգում:

2018 թվականից մեծահասակների Հայաստանի հավաքականի անդամ է: 2019 թվականին Հունգարիայիայում տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

2021 թվականի մայիսի 8-9-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված վարկանիշային մրցաշարում դարձել է չեմպիոն՝ նվաճելով նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր 60 կգ քաշային կարգում:

Ամուսնացած է, ունի որդի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով