15:41  ,  31 հուլիսի, 2021

Օլիմպիականներ Արսեն Հարությունյանն ու Կարեն Ասլանյանը մեկնեցին Տոկիո (ֆոտո)

32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (60 կգ) եւ ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը հուլիսի 31-ին 15:30-ին Երեւան - Մոսկվա - Տոկիո չվերթով մեկնեցին օլիմպիական մայրաքաղաք:

Օլիմպիականներին Տոկիո է ուղեկցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Եվրոպայի բրոզնե մեդալակիր Կարեն Ասլանյանը Տոկիո-2020-ում հունահռոմեականների պայքարում վերջինն է դուրս գալու մրցագորգ:

Նախորդ օրը Տոկիո էին մեկնել նաեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Եվրոպական խաղերի չեմպիոն Կարապետ Չալյանը:

17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից Տոկիո չի մեկնել միայն ազատ ոճային, աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը: 21-ամյա ըմբիշը Տոկիո-2020-ում Հայաստանի վերջին մասնակիցն է եւ օլիմպիական մայրաքաղաք կմեկնի օգոստոսի 3-ին հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանի ուղեկցությամբ:

Տոկիո-2020-ում ելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը եւ բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով