21:40  ,  31 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Օգոստոսի 1-ին Հայաստանը կունենա 2 մասնակից (ֆոտո, վիդեո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերում օգոստոսի 1-ին Հայաստանը կունենա երկու մասնակից։

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի թիմից առաջինը պայքարը կսկսի 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը։

25-ամյա ըմբիշը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 22-ամյա իրանցի Ալի Ռեզա Նեջատիի հետ։

Գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 06։00-ից։ Արմեն Մելիքյանը Ա մրցագորգ դուրս կգա չորրորդը։

Արմեն Մելիքյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 60 կգ քաշային կարգ

Ծնվել է 1996 թվականի փետրվարի 7-ին Էջմիածնում։

Անձնական մարզիչներն են Ամիրբեկ Պողոսյանը, Ալիկ Հովհաննիսյանը եւ Արմեն Մելիքյանը։

2013 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2015, 2016 թվականների երիտասարդների Հայաստանի մրցանակակիր:

2017 թվականի սկզբին հեռացել է մեծ սպորտից եւ միառժամանակ մեկնել արտագնա աշխատանքի: 2017 թվականի ավարտին վերադարձել է Հայաստան, մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնութանն ու դարձել չեմպիոն 60 կգ քաշային կարգում:

2018 թվականից մեծահասակների Հայաստանի հավաքականի անդամ է: 2019 թվականին Հունգարիայիայում տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:

2021 թվականի մայիսի 8-9-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված վարկանիշային մրցաշարում դարձել է չեմպիոն՝ նվաճելով նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր 60 կգ քաշային կարգում:

Ամուսնացած է, ունի որդի:

-----

Բռնցքամարտի մրցաշարում օգոստոսի 1-ին երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Արման Դարչինյանը։  Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը կլինի ֆիլիպինցի Էումիր Մարցիալը: Մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 07։36-ին։

Արման Դարչինյանը հուլիսի 29-ին 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ։

Արման Դարչինյան, բռնցքամարտ, 75 կգ քաշային կարգ

Ծնվել է 1994 թվականի ապրիլի 30-ին Վանաձորում:

Անձնական մարզիչը Բագրատ Ավոյանն է:

Արման Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի եղբոր որդին է:

Արման Դարչինյանը բռնցքամարտով զբաղվում է 10 տարեկանից: Հայաստանի 7-ակի չեմպիոն է, 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: 2019 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

2019 թվականի հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյում առաջին մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում: Նորամուտը նշել է հաղթանակով՝ 4 ռաունդանոց մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ամերիկացի Քենդել Մեյես-Թեյլորին:

Oլիմպիական ուղեգիրը նվաճել է 2021 թվականի հունիսի 4-10 Փարիզում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով