06:45  ,  29 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Արման Դարչինյանը մեկնարկեց գեղեցիկ հաղթանակով՝ 5։0 (ֆոտո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը մեկնարկեց հաղթանակով։

75 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում վանաձորցի մարզիկը մենամարտեց Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի հետ։ Առաջին ռաունդում մրցավարներն առավելություն տվեցին սլովակ բռնցքամարտիկին։

Երկրորդ ռաունդում առավելություն ուներ Արման Դարչինյանը, որն էլ ստացավ միավորներով հաղթանակը։

Սլովակ բռնցքամարտիկը անընդհատ բռնում էր Արման Դարչինյանին եւ թույլ չէր զարգացնել գրոհը: Երրորդ ռաունդում ռինգի մրցավարը մեկ միավոր հանեց սլովակ բռնցքամարտիկից անդադար բռնցվածք անելու համար:

Վճռական ռաունդում հսկայական էր հայ բռնցքմարտիկի առավելությունը։ Նա հաղթեց ընդհանուր 5։0 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Արման Դարչինյանը օգոստոսի 1–ին կմենամարտի ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ, որը պարտության մատնեց ալժիրցի Յունես Նեմուչիին։

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի թիմից պայքարը շարունակում է նաեւ 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ), որը հուլիսի 25-ին մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակ է տարել Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ:

Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հուլիսի 26–ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչում պարտվել է  Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը:

Արման Դարչինյան, բռնցքամարտ, 75 կգ քաշային կարգ

Ծնվել է 1994 թվականի ապրիլի 30-ին Վանաձորում:

Անձնական մարզիչը Բագրատ Ավոյանն է:

Արման Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի եղբոր որդին է:

Արման Դարչինյանը բռնցքամարտով զբաղվում է 10 տարեկանից: Հայաստանի 7-ակի չեմպիոն է, 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: 2019 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

2019 թվականի հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյում առաջին մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում: Նորամուտը նշել է հաղթանակով՝ 4 ռաունդանոց մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ամերիկացի Քենդել Մեյես-Թեյլորին:

Oլիմպիական ուղեգիրը նվաճել է 2021 թվականի հունիսի 4-10 Փարիզում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս