21:42  ,  30 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Հուլիսի 31-ին Հովհաննես Բաչկովը կմենամարտի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի հետ

Տոկիոյի Օլիմպիական խաղերում հուլիսի 31-ին Հայաստանը կունենա մեկ մասնակից։

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) կանցկացնի երկրորդ մենամարտը։

2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակիչում կմրցի 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ։ Մենամարտը կսկսվի Երեւանի ժամանակով 07։36-ին։

Հովհաննես Բաչկովը հուլիսի 25-ին մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակ էր տարել Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի երեք մասնակիցներից պայքարը շարունակում է նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը, որը օգոստոսի 1-ին քառորդ եզրափակիչում կմենամարտի ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ:

Արման Դարչինյանը հուլիսի 29-ին 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ

Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչում պարտվել էր  Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը:

Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ, 63 կգ քաշային կարգ

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում։

Անձնական մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան

Ամուսնացած է, ունի երկու որդի։  

Հովհաննես Բարկովը Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող, 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։  

Հովհաննես Բաչկովը  հանդես է գալիս նաեւ պրոֆեսիոնալ ռինգում։ 2020 թվականի հուլիսի 29-ին պայմանագիր է կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ։ Առաջին մենամարտն անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի 9–ին Դուբայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում, որտեղ միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին։

Երկրորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում #MTKFightNight երեկոյի ընթացքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։

Տոկիո-2020 օլիմպիական ուղեգիրը նվաճել է Եվրոպայի վարկանիշով։ Իր քաշային կարգում Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջին համարն է։ Ուղեգիրը հաստատվել է 2021 թվականի հունիսի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով