18:44  ,  26 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Հուլիսի 27-ին Հայաստանը կներկայացնի 2 օլիմպիական

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը հուլիսի 27-ին կունենա երկու մասնակից։

Ծանրամարտի կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը հանդես կգա 59 կգ քաշայինների A խմբում։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 10։50-ին։

Լողի տղամարդկանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը հանդես կգա ազատ ոճի 100 մետրում։ Մեկնարկները նախատեսված են Երեւանի ժամանակով 14։00-14։23-ին։

–––

Իզաբելլա Յայլյան, ծանրամարտ, 59 կգ քաշային կարգ

Ծնվել է 1995 թվականի հունվարի 4-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Հրանտ Տոնոյան:

Իզաբելլա Յայլյանը  2009 եւ 2010 թվականների պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն է, 2011-2012 թվականների պատանիների Եվրոպայի չեմպիոն, 2013 թվականի երիտասարների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2014 եւ 2015 թվականների մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն,  2017 թվականի Ալբանիայում տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

Իզաբելլա Յայլյանը 2018-ին դարձել է Հայաստանի մեծահասկաների չեմպիոն, 2019 թվականին Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցրելով 5-րդ տեղը: 2021 թվականի Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առջնության պոկում վարժության փոխչեմպիոն է, երկամարտի արդյունքով 4-րդը:

Ամուսնացած չէ։

Մեկ տարի որակազրկումից հետո ծանրամարտի Հայաստանի հավաքականը երկու օլիմպիականի իրավունք է ստացել Տոկիո-2020-ում՝ 1 տղամարդ եւ 1 կին: Իզաբելլա Յայլյանի ուղեգիրը հաստատվել է հունիսի 11-ին:

–––

Արթուր Բարսեղյան, լող, 50 եւ 100 մետր ազատ ոճ

Ծնվել է 2002 թվականի մարտի 29-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Արմինե Ավետիսյան

Արթուր Բարսեղյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող: Մեծահասակների կազմում առաջին լուրջ փորձը եղել է 2016 թվականի ԱՄԷ աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ սահմանել է անձնական ռեկորդ եւ բարելավել իր արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել:

2017 թվականին Հունգարիայում մասնակցել է Եվրոպական օլիմպիական փառատոնին, որտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը: Նույն տարում պատանիների աշխարհի առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվ:

2018 թվականին Հելսինկիի միջազգային մրցաշարում նվաճել է պատանիների Օլիմպիական խաղերի վարկանիշ: 2018 թվականին Արգենտինայում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերում 50 մետր ազատ ոճ մրցաձեւում 22.69 արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը:

2019 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը եւ լրացրել  B վարկանիշ: 2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է, 2021 թվականի Բուլղարիայի բաց առաջնոթյան չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր:

Ամուսնացած չէ:

Տոկիո-2020-ի ուղեգիրը նվաճել է՝ 2019 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում B վարկանիշ լրացնելով:

Արթուր Բարսեղյանը Տոկիոյում 100 մետ ազատ ոճի մրցումից հետո հանդես կգա նաեւ50 մետ ազատ ոճում՝ հուլիսի 30-ին Երեւանի ժամանակով 14:00-14:46-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս