01:47  ,  29 հունիսի, 2021

Եվրո-2020․ Ֆրանսիան չհաղթահարեց Շվեյցարիայի արգելքը (ֆոտո, վիդեո)

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը դուրս մնաց Եվրո-2020-ից՝ չհաղթահարելով Շվեյցարիայի արգելքը։

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված 1/8 եզրափակիչի հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։

15-րդ րոպեին հաշիվը բացեց շվեյցարացիների հարձակվող, պորտուգալական «Բենֆիկայի» 29-ամյա խաղացող Հարիս Սեֆերովիչը։ 55-րդ րոպեին Շվեյցարիայի թիմը ստացավ 11 մետրանոցի իրավունք, սակայն իտալական «Ատալանտայի» 28-ամյա պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի հարվածից հետո սեյվի հեղինակ դարձավ Լոնդոնի «Տոտենհեմը» ներկայացնող 34-ամյա դարպասապահ Հյուգո Լյորիսը։

Այնուհետեւ 2 րոպեում դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» 33-ամյա հարձակվող Քարիմ Բենզեման։ Գոլային փոխանցումները կատարեցին փարիզյան ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն եւ կատալոնական «Բարսելոնայի» 30-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը։

75-րդ րոպեին Ֆրանսիայի երրորդ գոլը խփեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբան։

81-րդ րոպեին Հարիս Սեֆերովիչը ձեւակերպեց դուբլ, իսկ 90-րդ րոպեին Շվեյցարիայի երրորդ գոլը խփեց Զագրեբի «Դինամոյի» 31-ամյա հարձակվող Մարիո Գավրանովիչը եւ պայքարը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։ Մի քանի լավ հնարավորություն բաց թողեց Կիլիան Մբապեն։

11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին շվեյցարացիները։

Շվեյցարիայից դիպուկ էին Գավրանովիչը, Ֆաբիար Շերը, Մանուել Ականջին, Ռուբեն Վարգասը, Ադմիր Մեհմեդին, Ֆրանսիայից՝ Պոգբան, Օլիվիե Ժիրուն, Մարկուս Տյուրամը, Պրեսնել Կիմպեմբեն։ Կիլիան Մբապեն ձախողվեց։ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 32-ամյա դարպասապահ Յան Զոմերը սեյվ կատարեց։

Քառորդ եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում կմրցի Իսպանիայի հետ, որը լրացուցիչ ժամանակում 5։3 հաշվով հաղթել է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային։

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ

Ֆրանսիա - Շվեյցարիա՝ 3։3, 11մ՝ 4։5 (հիմնական ժամանակ՝ 3։3), (տեսանյութ), (Բուխարեստ)

Քարիմ Բենզեմա, 57, 59, Պոլ Պոգբա, 75 - Հարիս Սեֆերովիչ, 15, 81, Մարիո Գավրանովիչ, 90

Չիրացրած 11մ՝ Ռիկարդո Ռոդրիգես (Շվեյցարիա), 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով