21:05  ,  21 հունիսի, 2021

Paris Rapid & Blitz. Լեւոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին

Փարիզում ավարտին է մոտենում Grand Chess Tour-ի երկրորդ փուլը՝ արագ եւ կայծակնային խաղի Paris Rapid & Blitz մրցաշարը, որին մասնակցում է նաեւ Լեւոն Արոնյանը։

Կայծակնային խաղի առաջին օրն անցկացվեց 9 տուր։ Լեւոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, ամերիկացի Ուեսլի Սոյին, ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, պարտվեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային (ՖԻԴԵ), ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե–Լագրավին։

Արոնյանը 27 հնարավորից 12,5 միավորով 6–րդ տեղում է։

Արագ խաղի մրցաշարում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե–Լագրավի,  իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի (ՖԻԴԵ), ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Ուեսլի Սոյի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ, հաղթել ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին, պարտվել ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերին եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն։

Կայծակնային խաղի եւս 9 տուր կանցկացվի հունիսի 22–ին։

Արագ խաղում հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր, կայծակնային խաղում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, ոչ ոքիի համար՝ կես միավոր։

Grand Chess Tour-ի 5 մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,275 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում