20:15  ,  11 հունիսի, 2021

Եվրո-2020. E խումբը՝ Իսպանիան ու անակնկալ մատուցելուն պատրաստ մրցակիցները (ֆոտո)

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունն առանձնահատուկ է պատմության մեջ։ Առաջին անգամ մրցաշարը կանցկացվի 11 երկրների 11 քաղաքներում, իսկ հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար կպայքարեն 24 թիմեր:

NEWS.am Sport-ը ներկայացնում է Եվրո-2020-ի 6 խմբերը։ 5-րդը E խումբն է, որտեղ ընդգրկված են Իսպանիայի, Լեհաստանի, Շվեդիայի ու Սլովակիայի հավաքականները։  

Իսպանիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 6-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Լուիս Էնրիկե

Հայտացուցակ

Դարպասապահներ. Ունաի Սիմոն («Աթլետիկ»), Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն»)։

Պաշտպաններ. Խոսե Գայա («Վալենսիա»), Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Պաու Տորես («Վիլյառեալ»), Էմերիկ Լապորտ («Մանչեսթեր Սիթի»), Էրիկ Գարսիա («Բարսելոնա»), Դիեգո Լիորենտե («Լիդս»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»)։

Կիսապաշտպաններ. Կոկե, Մարկոս Լիորենտե (երկուսն էլ՝ «Աթլետիկո»), Պեդրի («Բարսելոնա»), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Տիագո Ալկանտարա («Լիվերպուլ»), Ֆաբիան Ռուսի («Նապոլի»), Պաբլո Սարաբիա (ՊՍԺ)։

Հարձակվողներ. Ֆերան Տորես («Մանչեսթեր Սիթի»), Դանի Օլմո («ՌԲ Լայպցիգ»), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ»), Ժերար Մորենո («Վիլյառեալ»), Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Ադամա Տրաորե («Վուլվերհեմփթոն»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 8.00

Մոտ 10 տարի առաջ Իսպանիայի հավաքականը գերիշխում էր համաշխարհային ֆուտբոլում, սակայն Եվրո-2008-ում ու Եվրո-2012-ում հաղթելուց ու 2010-ին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո իսպանացիները չեն կարողանում հասնել հաջողության։

3 տարի առաջ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության նախաշեմին Իսպանիայի հավաքականը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց Խուլյեն Լոպետեգիին և ձախողեց մրցաշարը՝ փլեյ-օֆֆի առաջին փուլում պարտվելով ռուսներին։ Լուիս Էինրիկեի գլխավորությամբ իսպանացիները զգալիորեն ավելացրել են վերջին տարիներին և համարվում են Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտներից մեկը։

Եվրո-2020-ի նախաշեմին Իսպանիայի հավաքականում գրանցվեց կորոնավիրուսի 2 դեպք, ինչի պատճառով Լուիս Էնրիկեն մի շարք խաղացողների հրավիրեց՝ որպես պահեստային կազմ, որպեսզի կորոնավիրուսի բռնկման դեպքում ունենա երկրորդ պլան։ Բացի այդ, հունիսի 10-ին Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները որոշել էին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Հատկանշական է, որ պատմության մեջ առաջին անգամ Իսպանիայի հավաքականը մեծ մրցաշարի կմասնակցի առանց Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների։ Հատկապես անակնկալ էր «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի բացակայությունը թիմի հայտացուցակից։ Չնայած թիմի լուրջ ամբիցիաներին՝ Էնրիկեն անցկացնում է սերնդափոխության գործընթաց և հնարավորություն տալիս երիտասարդներին։ Նա նաև հրաժարվել է հնացած տիկի-տակայից և կարողանում բազմատիպ ֆուտբոլ խաղալ տարբեր մրցակիցների դեմ։

Հավանական մեկնարկային կազմ. Սիմոն, Լյորենտե, Պաու Տորես, Ալբա, Ռոդրի, Օլմո, Ֆաբիան Ռուիս, Մորենո, Մորատա, Ֆերան Տորես։

Իսպանիայի հավաքականը, միանշանակ, E խմբի ֆավորիտն է, թեև Շվեդիան ու, հավանաբար, Լեհաստանը ևս կարող են պայքարել առաջին տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար։ Այս Իսպանիայի հավաքականը նախորդներից տարբերվում է նրանով, որ չունի ընդգծված առաջատարներ, բայց թիմային առումով խաղը բարձր մակարդակի վրա է։

Շվեդիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 18-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Յանե Անդերսոն

Հայտացուցակ

Դարպասապահներ. Կառլ–Յուհան Յունսոն («Կոպենհագեն»), Կրիստոֆեր Նուրդեֆելդտ («Գենչլերբիրլիգի»), Ռոբին Ուլսեն («Էվերտոն»)։

Պաշտպաններ. Լյուդվիգ Աուգուստինսոն («Վերդեր»), Մարկուս Դանիելսոն («Դալյան Պրո»), Անդրեաս Գրանկվիստ («Հելսինբորգ»), Ֆիլիպ Հելանդեր («Գլազգո Ռեյնջերս»), Պոնտուս Յանսոն («Բրենթֆորդ»), Էմիլ Քրաֆթ («Նյուքասլ»), Մաքայել Լուստիգ (ԱԻԿ), Վիկտոր Լինդելյոֆ («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարտին Օլսոն («Հեկեն»)։

Կիսապաշտպաններ. Իենս Կայուստե («Միդտյուլանդ»), Վիկտոր Կլասոն («Կրասնոդար»), Ալբին Էկդալ («Սամպդորիա»), Էմիլ Ֆորսբերգ («ՌԲ Լայպցիգ»), Դեյան Կուլուշեւսկի («Յուվենտուս»), Սեբաստիան Լարսոն (ԱԻԿ), Կրիստոֆեր Օլսոն («Կրասնոդար»), Ռոբին Կուայսոն («Մայնց»), Կեն Սեմա («Ուոթֆորդ»), Մատիաս Սվանդբերգ («Բոլոնիա»), Գուստավ Սվենսոն («Սիեթլ Սաունդերս»)։

Հարձակվողներ. Մարկուս Բերգ («Կրասնոդար»), Ալեքսանդր Իսակ («Ռեալ Սոսիեդադ»), Ջորդան Լարսոն («Սպարտակ»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 81.00

Առանց «Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մնացած Շվեդիայի հավաքականը Եվրո-2020-ի այն թիմերից է, որից սպասելիքները մեծ չեն, սակայն Յանե Անդերսոնի սաները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել ցանկացած մրցակցի համար։

Շվեդիայի հավաքականը մրցաշարի ամենատարեց թիմն է, սակայն ցուցադրում է դինամիկ ֆուտբոլ, ստեղծում բազմաթիվ գոլային պահեր ու կարողանում հրաշալի պաշտպանվել։

3 տարի առաջ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում սկանդինավցիները հասան մինչև քառորդ եզրափակիչ, իսկ դրանից հետո թիմում քիչ բան է փոխվել։ Եվրո-2020-ից առաջ Շվեդիայի հավաքականը վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի հետ՝ հաղթելով 3։1 հաշվով։ Դրանից առաջ հայկական թիմն անպարտելի էր 9 խաղ անընդմեջ։

Հավանական մեկնարկային կազմ. Օլսեն, Կրաֆտ, Նիլսոն, Լինդելյոֆ, Բենգստոն, Լարսոն, Սվանբերգ, Կլասոն, Ֆորսբերգ, Կուլուշևսկի, Իսակ։

Շվեդիայի հավաքականին թերագնահատել, միանշանակ, պետք չէ։ Որոշ մասնագետները շվեդներին համարում են Եվրո-2020-ի ստվերային ֆավորիտներից մեկը։

Լեհաստան

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 21-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Պաուլո Սոուզա

Հայտացուցակ

Դարպասապահներ. Լուկաշ Ֆաբիանսկի («Վեստ Հեմ»), Վոյցեխ Շչեսնի («Յուվենտուս»), Լուկաշ Սկորուպսկի («Բոլոնիա»)։

Պաշտպաններ. Յան Բեդնարեկ («Սաութհեմփթոն»), Բարտոշ Բերեշինսկի («Սամպդորիա»), Կամիլ Գլիկ («Բենեւենտո»), Մացեյ Ռիբուս («Լոկոմոտիվ»), Պավել Դավիդովիչ («Վերոնա»), Միխալ Հելիկ («Բարնսլի»), Կամիլ Պյատկովսկի («Ռակուվ»), Տիմոտեուշ Պուխաչ («Լեխ»), Թոմաշ Կենձյորա («Դինամո Կիեւ»)։

Կիսապաշտպաններ. Պշեմիսլավ Ֆրանկովսկի («Չիկագո Ֆայր»), Կամիլ Յոզվյակ («Դերբի Քաունթի»), Մատեուշ Կլիչ («Լիդս»), Կացպեր Կոզլովսկի («Պոգոն»), Գժեգոժ Կրիխովյակ («Լոկոմոտիվ»), Կարոլ Լինետի («Տորինո»), Յակուբ Մոդեր («Բրայթոն»), Պշեմիսլավ Պլախետա («Նորվիչ»), Պյոտր Զելինսկի («Նապոլի»)։

Հարձակվողներ. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»), Կարոլ Սվիդերսկի (ՊԱՕԿ), Յակուբ Սվերչոկ («Պյաստ»), Դավիդ Կովնացկի («Ֆորտունա»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 81.00

Եվրոպայի առաջնությունում ֆավորիտի կարգավիճակ չունեցող ևս մեկ ամուր թիմ, որի գրոհները կփորձի եզրափակել վերջին տարիների աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը՝ Ռոբերտ Լևանդովսկին։ Մյունխենի «Բավարիայի» ռմբարկուն անհավանական մարզավիճակում է, և կարող է տարբերություն ստեղծել հավասար խաղերում։

Հունվարին Լեհաստանի հավաքականում տեղի ունեցավ անսպասելի մարզչական փոփոխություն, և պաշտոնանկ արված Եժի Բժենեկին փոխարինեց Պաուլո Սոուզան։ Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ լեհերն անցկացրել են ընդամենը 3 պաշտոնական հանդիպում (գրանցել 1 հաղթանակ) և դա գլխավոր հարցերից մեկն է, թե արդյոք թիմը հասցրել է կարճ ժամանակահատվածում հարմարվել նոր մարզիչին, որը հարուստ անցյալ չունի։

Հավանական մեկնարկային կազմ. Շչեսնի, Բերեշինսկի, Բեդնարեկ, Հելիկ, Ռիբուս, Կրիհովյակ, Կլիխ, Մոդեր, Զենիլսկի, Միլիկ, Լևանդովսկի։

Իհարկե, եթե չլիներ Ռոբերտ Լևանդովսկու գործոնը, լեհերի համար չափազանց բարդ խնդիր կլիներ նույնիսկ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելը։ Եթե մրցակիցներին հաջողվի «փակել» «Բավարիայի ռմբարկուին, ինչն անելն այնքան էլ հեշտ գործ չէ, Լեհաստանի հավաքականը դժվար թե ուրախացնի իր երկրպագուներին։

Սլովակիա

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 36-րդ տեղ

Գլխավոր մարզիչ՝ Շտեֆան Տարկովիչ

Հայտացուցակ

Դարպասապահներ. Մարտին Դուբրավկա («Նյուքասլ»), Մարեկ Ռոդակ («Ֆուլհեմ»), Դուշան Կուչակ («Լեգիա»)։

Պաշտպաններ. Պետեր Պեկարիկ («Հերտա»), Լյուբոմիր Սատկա («Լեխ»), Դենիս Վավրո («Ուեսկա»), Միլան Շկրինյար («Ինտեր»), Թոմաշ Գուբոչան («Օմոնիա»), Դավիդ Հանկո («Սպարտա»), Մարտին Կոշելնիկ («Սլովան»), Մարտին Վալիենտ («Մալյորկա»)։

Կիսապաշտպաններ. Մարեկ Համշիկ («Գյոտեբորգ»), Ստանիսլավ Լոբոտկա («Նապոլի»), Պատրիկ Գրոզովսկի («Գենկ»), Յուրա Կուցկա («Պարմա»), Օնդրեյ Դուդա («Քյոլն»), Վլադիմիր Վայս («Սլովան»), Լասլո Բենեշ («Աուգսբուրգ»), Լուկաշ Հարասլին, Յակուբ Հրոմադա (երկուսն էլ՝ «Սասուոլո»), Թոմաշ Սուսլով («Գրոնինգեն»), Յան Գրեգուշ («Մինեսոտա»)։

Հարձակվողներ. Միխալ Ջուրիշ («Օմոնիա»), Ռոբերտ Բոժենիկ («Ֆեյենորդ»), Ռոբերտ Մակ («Ֆերենցվարոշ»), Իվան Շրանց («Յաբլոնեց»)։

Չեմպիոնության գործակիցը՝ 251.00

Սլովակիայի հավաքականը երրորդ անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Սլովակիայի հավաքականի անհաջող ելույթներից հետո հոկտեմբերին ազգային թիմը գլխավորեց տեղացի մասնագետ Շտեֆան Տարկովիչը, որն իր 26-ամյա մարզչական կարիերայում միայն 5 տարի էր աշխատել որպես գլխավոր մարզիչ, այն էլ՝ տեղի ակումբներում։ Այս տարվա մարտին 48-ամյա մարզիչը պաշտոնանկության վտանգի տակ էր անհաջող ելույթների պատճառով, սակայն կարողացավ պահպանել իր պաշտոնը ԱԱ–2022-ի ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո։

Հավանական մեկնարկային կազմ. Կուչյակ, Պեկարիկ, Հանչկո, Շկրինյար, Գուբոչան, Կուցկա, Հրաշովսկի, Բոժենիկ, Դուդա, Մակ, Շվարց։

Սլովակիայի հավաքականը մրցաշարի միջակ թիմերից է, իսկ աստղային խաղացողներ թիմում չկան։ Եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, սլովակները Եվրո-2020-ում ելույթները կավարտեն խմբային փուլում։

Կարդացեք նաև՝ 

Եվրո-2020. A խումբը՝ ընդգծված ֆավորիտով ու բարդ մրցակիցներով  

Եվրո-2020. B խումբը՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկով ու նորեկով

Եվրո-2020. Ամենահամեստ C խումբը՝ Հոլանդիայով ու Հայաստանի ծանոթ մրցակցով

Եվրո-2020. D խումբը՝ աշխարհի փոխչեմպիոնով ու բրիտանական դերբիով

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով